14 Apr, 2021

«ԷՅ ԹԻ ՓԻ»-Ն ԱԳՐՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐՈՐԱԿ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՎԱՃԱՌՔՈՎ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը ծառատունկի և բնապահպանական ծրագրերին զուգահեռ Հայաստանում իրականացնում է  նաև տնկիների մեծածախ և մանրածախ վաճառք:  Այսուհետ, Հիմնադրամի թվով չորս տնկարաններից կարող եք գնել տարատեսակ պտղատու, մշտադալար և դեկորատիվ ծառեր և թփեր, այդ թվում նաև՝ ցածրաճ պտղատուներ: Ի դեպ, մեր մասնագետների կողմից կտրամադրվի ծառերի խնամքի վերաբերյալ անվճար խորհրդատվություն և մեծածախ գնորդների համար կգործի զեղչերի ճկուն համակարգ: 
 

Մասնավորապես միտված լինելով ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը՝ ընկերությունը ներկայումս որդեգրել է ռազմավարության մեկ այլ ուղղություն, այն է ՝ Հայաստանում այգեգործության զարգացման և ինտենսիվ այգիների ստեղծման նպատակով իր տնկարաններում բազմացնել և վաճառել որակյալ տնկանյութ: Ի դեպ, վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շարունակական իրականացմանն ու զարգացմանը: 
 

Անդրադառնալով հիմնադրամի չորս տնկարաններին՝ հարկ է նշել, որ դրանք տեղակայված են հանրապետության տարբեր կլիմայական գոտիներում և գտնվում են Լոռու՝ Մարգահովիտ, Վայոց Ձորի ՝ Չիվա,  Արագածոտնի՝ Կարին և Արարատի՝ Խաչփառ համայքներում: Տնկարանների աշխարհագրական գոտիների տարբերության շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում ապահովել տվյալ տեղանքին հարմարեցված տնկանյութ: Պտղատու տեսակները պատվաստված են ինչպես սերմնաբույսերի, այնպես էլ կլոնային պատվաստակալների վրա, իսկ պատվաստվող սորտերը՝ բարձրորակ և միայն տեղական: Ավելին, Հիմնադրամի տնկարանները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, այդ թվում՝ կարկուտից, ցրտահարությունից, մկնանման կրծողներից պաշտպանության և կաթիլային ոռոգման համակարգերով:

Ծառերի ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: 
 

Տնկիների վաճառքի ինչպես նաև դրանց գների մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՝ 010 447401/02 հեռահոսամարներով: