20 Jan, 2022

Տնամերձ տնկարաններ ծրագրի միջոցով «Էյ Թի Փի»-ն գյուղաբնակներին ապահովում է հավելյալ եկամտով

«Էյ Թի Փի»-ի միկրո ձեռնարկատիրական «Տնամերձ տնկարաններ» ծրագրի ճանաչելիության բարձրացմամբ պայմանավորված տարեցտարի ծրագրում ներգրավվել ցանկացողների թիվն ավելանում է: Ներկայումս «Էյ Թի Փի»-ն համագործակցում է Աղավնավանք, Մարգահովիտ և Քեթի համայնքների տասնյակից ավելի շահառու ընտանիքների հետ:

 

Տնամերձ տնկարանների ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղաբնակներին ծառերի վաճառքից ստանալ հավելյալ եկամուտ: Այս ծրագրի շրջանակում բնակիչներին սերմեր և կտրոններ տրամադրելուն զուգահեռ նրանց հետ շարունակաբար իրականացվում են աճեցման և խնամքի վերաբերյալ խորհրդատվական աշխատանքներ: Վերատնկման համար պիտանի դառնալուն պես Հիմնադրամը հետագայում անտառտնկումների և համայանքներում ծառատունկ իրականացնելու նպատակով շահառուներից գնում է աճեցված տնկանյութը:

 

Հավելյալ եկամտի շնորհիվ մարդիկ ստիպված չեն լինում լքել իրենց համայքները այլ երկրներում աշխատանք գտնելու համար: Լոռու մարզի Աղավնավանք գյուղի շահառուներից Վյաչեսլավ Գևորգովը մի առիթով ծրագրի առավելությունների մասին խոսելիս նշել է. «Շնորհիվ այս ծրագրի՝ ես կարողանում եմ միաժաման թե´ գումար աշխատել և թե´ ավելի շատ ժամանակ անցկացնել փոքրիկներիս և կնոջս հետ: Ծրագրի մեկ այլ շահառու՝ Կամո Միրզոյանը նշում է, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի նաև այն պատճառով, որ գյուղում տիրում է համատարած գործազրկություն:

 

«Ամեն տարի այս սեզոնին վստահ եմ, որ վաստակածս գումարով կարող եմ հոգալ ընտանիքիս կարիքների գոնե որոշ մասը։ Այս տարվա վաստակած գումարով, օրինակ, կվճարեմ որդուս ուսման վարձը»,- նշում է Կամո Միրզոյանը:

 

Հավելյալ եկամուտը մարդկանց հնարավորություն է ընձեռում նաև հոգալ առողջական ծախսերը, վերանորոգել բնակարանները, երեխաներին ապահովել որակյալ կրթությամբ և հոգալ ընտանիքի տարեկան ծախսերը:

 

Բացի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, Տնամերձ տնկարանների ծրագիրը նպաստում է նաև Հիմնադրամի այլ նախաձեռնություններին՝ ծառեր մատակարարելով անտառտնկումների և անտառվերականգման համար: Յուրաքանչյուր տնամերձ տնկարան ունի 1000-ից մինչև 3000 ծառ տնկելու կարողություն:

 

Ըստ 2021թ.-ի տվյալների՝ Հիմնադրամը երեք համայքներից գնել է ավելի քան 25000 ծառ, որոնք վերատնկվել են Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակում: Ծառեր աճեցնելու միջոցով գյուղաբնակաները նաև նպաստում են շրջակա միջավայրի վերակագնմանը՝ միաժամանակ չլքելով հայրենիքն ու իրենց ընտանիքները: Ծրագրի շահառու Մարինե Մալաքյանը նշում է. «Ես իսկապես գնահատում եմ Էյ Թի Փի» -ի ջանքերը գյուղաբնակներին աջակցելու հարցում: Այս ծրագիրը փոխում է կյանքի որակն ու միջավայրը ավելի բարենպաստ դարձնում: Իմ նպատակն է հաջորդ տարի վաճառել ոչ պակաս քան 2000 թուփ»:

 

Չիկագոյում բնակվող մեր առատաձեռն նվիրատուներից մեկի շնորհիվ «Էյ Թի Փի»-ն ամանորի նախաշեմին տնամերձ տնկարաններ ծրագրում ներգրավված 25 ընտանիքի շնորհեց ամանորյա նվերներ, այդ թվում ջրի տարաներ, աշխատանքային գործիքներ և երեխաներին նվերներ:

 

Եթե ցանկություն ունեք աջակցել ծրագրի շահառուներին, խնդրում ենք այցելել www.ArmeniaTreeProject.org/en/donation և մեկնաբանությունների բաժնում նշել «Backyard Nursery Program»:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակը :

Մանրամասների համար այցելեք ArmeniaTree.org: