14 Feb, 2022
«Էյ Թի Փի» բարեգործական հիմանդրամի թիմը փետրվարի 3-ից 5-ը աշխատանքային այցով Արցախում էր: Այցի նպատակն էր հաստատել և ամրապնդել Ստեփանակերտում տնկարան հիմնելու, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանում 50 տնամերձ տնկարան կառուցելու վերաբերյալ ձեռք բերված նախնական համաձայնությունը:
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրած տարածքների մեծ մասը գյուղնշանակության հողեր էին՝ վարելահողեր: Հարկ է նշել, որ ներկայումս Արցախի Հանրապետությունում արտադրվող գյուղմթերքների սղության պատճառով սննդի մեծ մասը ներկրվում է, այն էլ` բավականին թանկ գնով: Հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տնկարանային տնտեսություն և տնամերձ ջերմոցներ հիմնելու ծրագրերը այս խնդրի հասցեագրմանն ուղղված երկարաժամկետ լուծումներից կլինեն:
Ծրագրի շրջանակում Ստեփանակերտի տնկարանում նախատեսվում է տարեկան բազմացնել 20-ից 30 հազար տնկի: Այս ծրագրի նպատակն է պահպանել Արցախի կենդանական և բուսական աշխարհն, ինչպես նաև աջակցել բնակիչներին պտղատու ծառեր տրամադրելու միջոցով:
Այցի ընթացքում մեր մասնագետները հանդիպեցին Ստեփանակերտում տեղակայված Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսական կազմի հետ՝ քննարկելու արհեստավարժ և հմուտ գյուղատնտեսներ պատրաստելու համատեղ ծրագրերը: «էյ Թի Փի»-ի տնկարանը ուսանողներին հնարավորություն կընձեռի իրականացնել գործնական աշխատանքներ, ինչպես նաև համագործակցության արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր տեղաբնակների համար:
Ասկերանի և Մարտունի տարբեր համայնքներում իրականացվող «Տնամերձ ջերմոցներ» ծրագրի մեր գործընկերն է «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպությունը, որը ողջ այցի ընթացքում ուղեկցում էր մեզ:
Կարմիր Շուկայի համայնքային կենտրոնի նորակառուց շենքում բնակիչների հետ կայացած հանդիպման ընթացքում առիթ ունեցաք զրուցել ծրագրում ընդգրկված շահառուներից մի քանիսի հետ:
Պատերազմական օրերին, երբ գրեթե ողջ գյուղը մարդաթափ էր եղել, Մարդի Հարությունյանը այն եզակիներից էր, որ որոշում էր կայացրել մնալ իր ծննդավայր՝ Կարմի Շուկայում:
«Պարզապես չէի կարող լքել… Որդիս ծառայում էր Ստեփանակերտում այդ ժամանակ, Ցորի զորամասի զինվորներից էր… աճյունը գտնվել է վերջերս՝ մեկ տարի և երեք ամիս անց: Ինչ ասեմ, այլևս կորցնելու կամ վախենալու ոչինչ չունեմ կյանքում»,- ծանր հառաչանքով նշում է Մարդին:
Մարդին նշում է նաև, որ իրենց գյուղում տուժել են գրեթե բոլորը: Մարդիկ շարունակում են ապրել վախի և լարվածության մթնոլորտում: Դրական տեղաշարժերից մեկը գյուղում թերևս այն է, որ ընտանիքներից շատերին պետությունը նոր տներ է տրամադրել: Մարդին ևս տուն է ստացել և պատրաստվում է տնամերձ հողամասում հիմնել պտղատու այգի, ինչպես նաև բանջարեղեններ աջեցնել ջերմոցում: Նա հույս է հայտնում, որ հողի հետ աշխատելու միջոցով աստիճանաբար կանցնի բնականոն կյանքի:
Տնամերձ ջերմոցներ ծրագրում ընդրգկված յուրաքանչյուր շահառու ընտանիքի կտրամադրվի 30քմ տրամագծով ջերմոց: «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով բնակիչներին կտրամադրվի շուկայում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք մշակաբույսեր, որոնք տարեկան մի քանի անգամ կարող են բերք տալ ( օրինակ՝ ժենգյլաով հացի համար պահանջվող կանաչեղենները, խոտաբույսերը): Ի դեպ, խոտաբույսերի մշակությունը բարերար ազդեցություն կարող է ունենալ բնակչության առողջության վրա, քանի որ տարբեր համայքներում բազմիցս նշվեց շաքարախտով և բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց թվի աճի մասին:
Արցախահոթյան ոգին աննկուն է, և մեզ հանդիպած բոլոր արցախցիները հավատում են վաղվա պայծառ ապագային և պատրաստ են պայքարելու մինչև վերջ:
Եթե ցանկություն ունեք աջակցել ծրագրի շահառուներին, խնդրում ենք այցելել www.ArmeniaTreeProject.org/en/donation և մեկնաբանությունների բաժնում նշել «Artsakh Project»:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակը: