15 Apr, 2022

«Էյ Թի Փի»-ն սատարում է սահմանների ամրապնդման և համայնքների զարգացման գործընթացին

«Էյ Թի Փի»-ին, (այսուհետ՝ Հիմնադրամ) առավել քան երբևէ, ակտիվ գործունեություն է ծավալում երկրի սահմանամերձ գոտիներում: Մենք ջանք չենք խնայում տարբեր ծրագրերի ներդրման միջոցով օժանդակելու սահմանակից համայնքների բնակչությանը:

Անդրադանալով մեր ծրագրերին՝ հարկ է նշել, որ Տավուշի մարզի Այրում, Բագրատաշեն, Դովեղ, Քիրանց, Կոթի, Պառավաքար, Ոսկեպար, Այգեպար. Չինարի, Մովսես և Ներքին Կարմիր Աղբյուր սահմանամերձ գյուղերում մեր Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում վերջերս իրականացվել են ծառատնկման աշխատանքներ, իսկ բնապահպանական կրթական ծրագրի շրջանակում Հիմնադրամի վերապատրաստողները դպրոցների ուսուցչաաշակերտական անձնակազմի հետ անցկացրել են բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներ և սեմինարներ:

Տաթև Խաչիկյանը, ով Նոյեմբերյանի շրջանի Դովեղ սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրենն է, նշում է հետևյալը. «Թեև ներկա պահին հարաբերական անդորրը պահպանվում է, այնուամենայնիվ դպրոցը գտնվում է թշնամու ուղիղ թիրախում: Մշտական վտանգի մեջ ապրելը մեզ դարձրել է ավելի անվախ և դիմացկուն… ընդամենը ցանկանում ենք խաղաղություն»:

Տավուշի մարզի մեկ այլ սահմանամերձ գյուղի դպրոցի շենքը թշնամու ականներից պաշտպանելու նպատակով ամրապնդվել է հաստ պատերով: Ապրիլի ամսին, անվտանգության նկատառումներից ելնելով Հիմնադրամը դպրոցին տրամադրել է ծառեր, որոնք հետագայում կլինեն պատնեշ թշնամու ուղիղ թիրախից պաշտպանվելու համար: Բացի դեկորատիվ ծառերից՝ դպրոցի բակում տնկվել են պտղատուներ, որոնցից ստացված բերքը կօգտագործվի ճաշարանում՝ ինչպես թարմ, այնպես էլ հյութի և չրի տեսքով: Ավելին, բերքառատ տարիներին դպրոցը կարող է նաև վաճառել միրգը և վաճառքից ստացված գումարը ծախսել դպրոցի այլ կարիքների համար:

Հարևան մյուս համայնքի ղեկավարության խնդրանքում «Էյ Թի Փի»-ն տրամադրել է ծառեր գյուղի գերեզմանատան տարածքում տնկելու համար: Ներկայումս, բնակիչները՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց հանգուցյալներին ստիպված են լինում հուղարկավորել երեկոյան ժամերին: Հիմնադրամի կողմից տրամադրված արագաճ ծառերը ապագայում կլինեն պատնեշ, և որոշակիորեն կպաշտպանեն գյուղը հակառակորդի գնդակներից:

Այս շաբաթ Սյունիքի մարզի Վաղատուր և Խոզնավար սահմանամերձ համայնքի թվով շուրջ 110-ը տնտեսության տրամադրվեց պտղատու ծառ: Մշտական բնակիչներից բացի, ներկայումս գյուղը համալրվել է նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներով: Վաղատուր համայնքի շահառուներից մեկը՝ Արթուրը, զրույցի ընթացքում նշեց, որ նման ծրագրերը ոգեշնչող են, քանի որ զգում են, որ իրենք անտեսված չեն և հայացքն հառած շրջակա սարերին՝ շարունակելով հավելեց, որ իրենց ընտանիքները ամուր կանգնած են այս հողի վրա և չեն պատրաստվում լքել իրենց ծննդավայրը:

Հիմնադրամի մեկ այլ՝ «Տնամերձ ջերմոցներ» ծրագրում ընդգրկված Արցախի Հերհեր, Կարմիր Շուկա, Թաղավարդ և Մարտունու համայնքի թվով շուրջ 50 շահառուի տրամադրվեց ավելի քան 1200 պտղատու ծառ:

Սույն թվականի հուլիսին մեր Բնապահպանական կրթական բաժնի մասնագետները կիրականացնեն ճամբարային ծրագրեր Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի սահմանամերձ մարզերում: Հետագայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը՝ ընդգրկելով նաև Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտունի շրջաններում գործող դպրոցներին:

Մեր բնապահպանական կրթական ծրագրի կարևորագույն բաղադրիչներից են էկոակումբները: Ծրագրի շրջանակում նոր էկոակումբներ են կազմավորվել Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ և Գեղաքունիքի մարզի Գեղարքունիք համայնքներում: Հարկ է նշել, որ այս գյուղերը հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով մշտապես կանգնած են վտանգի առջև: Ծրագրերը, որոնք իրականացնվում են էկոակումբների շրջանակում հզորացնում են մեր

երիտասարդների բնապահպանական ոգին՝ միաժամանակ ուսուցանելով նրանց առաջնորդության հմտություններ: Ավելին, նպաստում են երեխաների ինքնագնահատականի բարձրացմանն ու հայրենիքի և իրենց համայնքների հանդեպ սիրով, հոգատարությամբ վերաբերելուն:

Սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց հետ հանդիպումների ընթացքում գրեթե բոլորի նվիրական երազանքն է հանգիստ և խաղաղ ապրել հայրենի հողում ՝զերծ մնալով մշտական վտանգից և ահաբեկչութունից: «Էյ Թի Փի»-ն ջանքեր չի խնայում օգտակար լինելու սահմանամերձ համայնքներին և այնտեղ ապրող մեր երիտասարդ սերնդին՝ այսպիսով նպաստելով մեր երկրի սահմանների և բնակչության պաշտպանման շարունակական գործընթացին:

Եթե ցանկություն ունեք աջակցել մեր ծրագրերին, խնդրում ենք այցելել և նվիրատվություն կատարել www.ArmeniaTreeProject.org/en/donation էջում:

- # # # -

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է`տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը: