06 May, 2022

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՏՈՒՆԿԸ

«Էյ Թի Փի»-ն ներկայումս ծառատնկման եռուն շրջանում է և նպատակ ունի այս գարնանը Հայաստանի և Արցախի տարածքում տնկել ավելի քան 400000 ծառ և թուփ:

Այս տարի տնկումները մեծամասամբ իրականացվում են Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում գտնվող հինգ անտառնշանակման հողերում:

Անտառնկման հինգ տեղամասերից մեկը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքին կից «Լճեր» կոչվող տարածքում: Ապրիլին այստեղ տնկվել է շուրջ 59000 ծառ և թուփ: Տնկված ծառատեսակների կազմում էին սոճու, կաղնու, թխկու, հացենու, վայրի խնձորի և տանձի բուսակներ:

Ծառատնկման աշխատանքներում «Էյ Թի Փի»-ն ամեն տարի ներգրավվում է տնկման տեղամասերին կից համայնքների բնակիչներին:

Ձորամուտ գյուղի բնակիչներ Արևիկ Ահարոնյանը և Արևլույս Դանիելյանը տարիներ շարունակ դուռ դռան հարևաններ են: Արևլույսը, ով արդեն չորս տարի է մասնակցում է «Էյ Թի Փի»-ի անտառտնկման աշխատանքներին, նշում է, որ մեծ բավարարություն է ստանում հողի հետ աշխատելիս և այն մտքից, որ օգտակար գործ է անում ապագա սերունդների համար: Ըստ Արևլույսի՝ տնկումներն անցնում են ջերմ մթնոլորտում, մասամբ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ տնկմանը մասնակցում են իր բարեկամներից և ընկերներից շատերը:

« Եթե բոլորը լքեն գյուղերն ու տեղափոխվեն մեծ քաղաքներ, ապա ո՞վ է պաշտպանելու մեր հայրենիքն ու հողը: Կարծում եմ, որ կրթված անհատը կարող է բարեկեցիկ կյանք ստեղծել նաև գյուղում: Ինչ վերաբերում է այս աշխատանքին, իսկապես զգում եմ դրական փոփոխություն: Ես տնային տնտեսուհի եմ և սա ինձ համար մեծ ձեռքբերում է, քանի որ հնարավորություն ունեմ գումար վաստակելու և միաժամանակ շրջապատված լինելու հարազատ ու մտերիմ մարդկանցով», նշեց Արևլույսը:

Արտակ Փնջոյանը Ստեփանավանի անտառտնկման աշխատանքերում ներգրավված ամենաերիտասարդ աշխատակիցներից է: Նա 31 տարեկան է և երեք տարի շարունակ մասնակցում է տնկումներին: Արտակը տնկումներից բացի զբաղվում է առևտրով և շինարարությամբ: Օրական միջինը տնկում է 250-300 ծառ և վաստակում 10000 դրամից ոչ պակաս գումար:

«Սովորաբար գալիս եմ առավոտյան մեկ ժամ շուտ և ավարտում կես ժամ ուշ: Սա է իմ գաղտնիքը: Նախ և առաջ մեր կատարած աշխատանքը կարևոր է մեզ՝ տեղացիներիս համար: Նշեմ, որ այսօրվա մեր տնկած անտառի բարիքներից գերազանցապես օգտվելու ենք մենք՝ տեղացիներս, համոզված եմ, որ ոչ մոտակա մարզերից, և, առավել ևս, ո´չ էլ

Երևանից այդքան հաճախ այցելուլություններ չեն լինելու: Բացի դրանից, իմ ցանկությունն է պետականանպաստ գործ անել, թեկուզ և չնչին ներդրմամբ»,- հավելեց Արտակը:

Ձորամուտ գյուղի մեր սեզոնային աշխատակիցներից Կարինե Անտոնյանը մինչ մեր ծրագրին միանալը երկար տարիներ բնակվելիս է եղել Երևանում, որտեղ կատարել է տարաբնույթ աշխատանք՝ բանվորուհուց մինչև հեռահաղորդակցման ընեկությունում օպերատոր և հրուշակագործ:

«Ես սովոր եմ աշխատել թիմում և շփվել մարդկանց հետ: Գյուղում ապրելու պարագայում այդքան էլ չի հաջողվում դա, ուստի շատ եմ սիրում այս աշխատանքը: Այստեղ ամեն տարի գալիս եմ ամուսնուս հետ, քանի որ երկուսս էլ մշտական աշխատանք չունենք: Ունեմ որդի, ով արդեն ուսանող է Ստեփանավանում և պետք է հոգալ նրա ծախսերը»,- նշեց Կարինեն:

Աջակցեք Հայաստանի սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված մեր աշխատանքներին՝ նվիրաբերելով մեր գարնանային դրամահավաքին ՝www.ArmeniaTreeProject.org/en/donation էջում:

Աջակցե´ք մեր դրամահավաք-արշավին, որի նպատակն է հավաքել $30000: Մեր առատաձեռն նվիրատուներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, պատրաստ է $15000 հանգանակության դեպքում կրկնապատկել գումարը:

- # # # -

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է`տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը: