30 May, 2022

Արցախում շարունակվում են տնամերձ ջերմոցների կառուցման աշխատանքները

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Տնամերձ ջերմոցներ» ծրագրի շրջանակում Արցախի Մարտունի շրջանի Թաղավարդ, Կարմիր Շուկա և Հերհեր համայնքների շուրջ 25 ընտանիքի արդեն իսկ տրամադրել է ջերմոցներ:

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ծրագրում  ներառված  բոլոր 50 շահառու ընտանիքները  44-օրյա պատերազմի ընթացքում  զոհված զինծառայողների, տեղահանվածների, աշխատանք և բնակավայր կորցրած մեր հայրենակիցներն են:

Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի տնամերձ հողամասերում բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնելու միջոցով շահառու ընտանիքներին ապահովել որոշակի տնտեսական կայունությամբ, քանի որ պատերազմի հետևանքով այդ գյուղերին պատկանող համայնքային հողերի զգալի մասն այժմ գտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Ծրագրի ոչ պակաս կարևոր նպատակներից է նաև բնակիչներին հավատ ներշնչել  վաղվա օրվա հանդեպ:

Ջերմոցների նախագծման աշխատանքներն իրականացվել են Ուորչեսթրի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների կողմից,իսկ  կառուցման համար կիրառվել են բացառապես տեղական շուկայում առկա և մատչելի շինանյութ:

 

Ջերմոցներից զատ, այս տարի՝ ապրիլին,  շահառու ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրվել է տասը պտղատու ծառ, իսկ ծրագրի գործընկեր՝ Կանաչ Արահետ կազմակերպությունն իր հերթին տրամադրել է հատապտղուղների կտրոններ և բանջարեղենի սերմեր:

Նախքան ջերմոցների շահագործմանն անցնելը՝ շահառուներին  նաև հնարավորություն ունեցան այցելելու «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կրթական կենտրոն, որտեղ նրանց հետ անցկացվեցին ջերմոցներում բույսեր, սերմեր աճեցնելու վերաբերյալ դասընթացներ և գործնական աշխատանքներ:

Արցախի Մարտունու շրջանում ջերմոցային ծրագրի համակարգողն է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը: 

Անդրադառնալով մեր շահառուներին կառանձնացնենք նրանցից մի քանիսիսն. Կարմիր Շուկա համայնքի շահառուներից Մարդի և Ռուզաննա Հարությունյանները, ովքեր պատերազմի ընթացքում կորցրել են իրենց որդուն, դժվարությամբ, սակայն փորձում են վերագտնել իրենց և անցնել բնականոն կյանքի: Հարությունյանները ներկայումս զբաղված են ջերմոցի կառուցման աշխատանքներով: Նրանց այդ գործում օգնում է կրտսեր որդին՝ Նվերը: 

«Ջերմոցի տեղադրման համար ընդամենը երկու օր պահանջվեց», - նշում է Մարդին: Մինչ սերմերի և կտրոնների տնկումը՝ ուզում եմ հողը մի փոքր հարստացնեմ օգտակար նյութերով, որպեսզի որակյալ բերք ստանամ: Ջերմոցում ունենք կաթիլային համակարգ, ինչը շատ անհրաժեշտ է ամռան շոգ ամիսներին»:

Մարտունու շրջանի մեկ այլ շահառու՝ Դավիթ Ավանեսյանը նշում է հետևյալը.  «Քանի որ ջերմոցի տարածքը այդքան էլ մեծ չէ, աճեցրած  բանջարեղենն ու կանաչեղենը շուկայում վաճառել դժվար թե հնարավոր լինի, սակայն լիովին կբավարարի մեր ընտանիքին ողջ տարին»:

Յուրին, ով ապրում է Կարմիր Շուկա գյուղում, ներկա պահին զբաղված է պատերազմի ընթացքում վնասված իր տան վերանորոգման աշխատանքներով: Չորսը թոռնիկների հետ նույն տանը ապրող  Յուրիկ պապը շտապում է ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի հարսն ու թոռները , ովքեր այժմ ժամանակավոր բնակություն են հաստատել Ստեփանակերտում, հնարավորինս շուտ վերադառնան տուն: Յուրիի որդին՝ երեխաների հայրը, ցավոք ևս զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Արդեն պատրաստվում ենք տնկել «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից տրամադրած սերմերը և հուսով եմ, որ այս տարի արդեն բերք կունենանք: Տան աշխատանքներն էլ գրեթե ավարտված են, ինչի համար շատ ուրախ եմ: Իմ բոլոր տասը թոռներն  ապրում են հենց այս գյուղում և մենք չենք պատրաստվում լքել մեր գյուղը»,-  ավելացնում է  պարոն Հարությունյանը:

Յուրայի հարսը՝ Իրինան, նշում է, որ թեև դրությունը  Կարմիր Շուկայում դեռևս շարունակում է մնալ լարված, անհամբեր սպասում է հայրենի գյուղ վերադառնալուն. «Ամուսինս գյուղում է հուղարկավորված, չեմ կարող այլ տեղ ապրել: Բացի այդ, երեխաներս էլ անհամբեր սպասում են, թե երբ են գյուղ գնալու, տեսնելու ընկերներին, պապիկին»:

Հերհերցի Գոհարիկ Ադամյանի ինը հոգանոց ընտանիքն ունի բազում առօրեական խնդիրներ: Դուստրը՝ չորսը անչափահաս զավակների հետ ապրում է իրենց հետ: 2020թ.-ի պատերազմի ընթացքում Ադամյանները ևս անդառնալի կորուստ ունեցան, զոհվեց որդին…

Գոհարիկի հետ զրույցում նա պատմում է, որ մինչ պատերազմը կյանքի նկատմամբ ուներ այլ պատկերացումներ և ակնկալիքներ: Այժմ, պատերազմը փոխել է ոչ միայն մտածելակերպը. ապրում է ներկայով և առօրյա խնդիրներով:

«Իմ նպատակն է օգնել դստերս՝ մեծացնելու զավակներին, քանի որ միայնակ մայր է, ամուսինը վաճխանվել է տարիներ առաջ:  

Ողջ կյանքում  եղել եմ տնային տնտեսուհի, զավակներիս մեծացնելու հետ մեկտեղ զբաղվել եմ այգու մշակությամբ, գյուղատնտեսութմաբ:  Իմ ունեցած փորձը նաև կօգնի ջերմոցում լավ բերք ստանալ: Նույնիսկ մեկ փունջ կանաչին, որ կարող ես ինքդ աճեցնել և օգտակար լինել ընտանիքիդ, արդեն իսկ հաճելի է: Շնորհակալ եմ կազմակերպիչներց և այդ ծրագիրը իրականացնողներից», - նշեց Գոհարիկը:

Ծրագրին աջակցման համար կարող եք այցելել www.ArmeniaTreeProject.org/en/donation  և մեկնաբանությունների բաժնում նշել՝ Artsakh Projects.

- # # # -

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակը: