13 Jul, 2022

Այս տարվա գարնանատունկով «Էյ Թի Փի»-ն տնկված ծառերի թիվը հասցրեց 7 միլիոնի

«Էյ Թի Փի»-ն վերջերս նշեց ևս մեկ կարևոր իրադարձություն՝ հիմնադրումից մինչ օրս տնկած ծառերի թիվը հասցնելով յոթը միլիոնի: Խորհրդանշական յոթը միլիոներորդ ծառը տնկվեց Մարգահովիտ գյուղում գտնվող Մայքլ և Վիրջինի Օհանյանների անվան կրթական կենտրոնի տարածքում  հիմնադիր Քարոլին Մուգարի, գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի, հոգաբարձուների խորհրդի անդամների և կազմակերպության բարերարների մասնակցությամբ:

Խորհրդանշական այս միջոցառմամբ ամփոփվեց 2022թ.-ին նախատեսված գարնանատունկի սեզոնը, որն իրագործելի դարձավ Հիմնադրամի տարբեր բաժինների համատեղ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ:  Մեր նպատակն է ծառայել հայ ժողովրդին, բարելավել մարդկանց կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը:

Հանրությանը առավել տեսանելի մեր Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում այս գարնանը  շուրջ 147 հանրային տարածքում (դպրոցներ և կրթական այլ հաստատություններ, հանրային այգիներ, հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, պատմամշակութային վայրեր ) տնկել է ավելի քան 35000 ծառ ու թուփ: Ծառերը տնկվել են ինչպես Հայաստանի բոլոր տասը մարզերում և Երևանում, այնպես էլ Արցախի Ասկերանի և Մարտունու շրջաններում: Ընդհանուր առմամբ ներկայումս ունենք 1500 տնկման տեղամաս, որից 57-ը ներառվել են այս տարի միայն:  Մեր մասնագետները մշտապես համագործակցում են շահառու համայնքների բնակչության հետ ինչպես ծառերի բարձր կպչողականության ապահովման, այնպես էլ տեխնիկական և  ծառերի խնամքի վերաբերյալ  խորհրդատվական ծառայություններ մատուցման համար:

Միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև անհատների համագործակցությամբ Հիմանդրամը համայնքային մի շարք վայրերում այս գարնանը իրականացրել է կանաչապատման աշխատանքներ: Համագործակցող կազմակերպությունների շարքում էին «Դեպի Հայք» հիմնադրամը, «Հայաստանի փոքրի երգիչներ» միջազգային ասոցիացիան,  ԱՄՆ դեսպանատան Կանաչ թիմը, VMware, «Բիվաք Հայաստան» ՓԲԸ, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը, Սուրբ Ստեփանոս տարրական դպրոցը, Հայ երիտաստարդների ֆեդերացիան, «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ՀԿ-ի կամավորները և  ԱՄՆ-ի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդական թիմը:

Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում «Էյ Թի Փի»-ն այս տարի գարնանը  Տավուշի Սյունիքի և Արցախի մի շարք գյուղերի բնակիչների տրամադրել է պտղատու ծառեր: Հարկ է նշել, որ ծառերը մասնավորապես սահմանամերձ գյուղերում ապագայում ոչ միայն սննդի աղբյուր կլինեն, այլև պատնեշ՝ գյուղերը թշնամու մշտական նշանառությունից պաշտպանելու համար:  

Ծառերը  բազմացվում են Կարին, Խաչփառ, Չիվա և Մարգահովիտ գյուղերում գտնվող մեր տնկարաններում: Ընդհանոր առմամբ այս տնկարաններում բազմացվում են ավելի քան 90 տեսակի պտղատու և դեկորատիվ ծառ ու թուփ: Ավելին, տնկարաններում իրականացվում են ծառերի բազմացման ժամանակակից եղանակների, պատվաստման և տարբեր  ոռոգման համակարգերի կիրառման վերաբերյալ դաշտային հետազոտական աշխատանքներ: Ի դեպ,  ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում Գյումրիում այժմ ընթանում են նոր տնկարանի կառուցման աշխատանքներ:

Հասարակական կազմակերպությունների կազմում Հայաստանի խոշորագույն  գործատուներից մեկը լինելով ՝ «Էյ Թի Փի»-ն, մշտական և սեզոնային աշխատատեղեր ստեղծելու միջոցով կայուն եկամտով է ապահովում իր աշխատակիցներին:Այս գարնանը միայն տնկարաններում ցանքսի և անտառտնկման աշխատանքներ իրականացնելու նպատկաով  Հիմնադրամը աշխատանքի էր վերցրել ավելի քան 150 տեղաբնակի, որոնց շնորհիվ Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում ստեղծվելիք հինգը անտառտարածքում տնկվեց 175,162 ծառ ու թուփ: Անտառապատման համար ծառատեսակներ ընտրելիս՝ մեր մասնագետները առաջնայնություն են տալիս այն տեսակներին, որոնք հետագայում կնպաստեն անտառների բնական վերականգնմանը, վայրի բնության համար միգրացիոն միջանցքների ստեղծմանն ու անտառմշակույթների միակցմանը: Անտառները հետագայում նաև հավելյալ եկամտի աղբյուր կարող են հանդիսանալ հարակից համայնքների համար, ինչպես նաև կնպաստեն  բուֆերային գոտիներ ձևավորմանը և  կկանխեն հողերը քայքայումից:

  Գյուղական համայքների աջակցմանն ուղղված մեկ այլ նախաձեռնության՝ Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում շահառու ընտանիքներն իրենց հողամասերում ծառ և թուփ աճեցնելով կարողանում են գումար վաստակել: Ներկայումս ծրագրում ընդգրկված է շուրջ 130 շահառու ընտանիք: Ծառատնկման և հետագա խնամքի աշխատանքները պատշաճորեն իրականեցնու նպատակով Հիմնադրամի մասնագետները պարբերաբար այցելում են այդ ընտանիքներին և տրամադրում մասնագիտական խորհուրդներ:Պատրաստի տնկանյութը հետագայում Հիմնադրամը գնում է  շահառուներից և վերատնկում անտառտնկման  տարբեր տեղամասերում: Այս ծրագիրն ունի նաև սոցիալ-տնտեսական բաղադրիչ, իրականացվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, որտեղ մեր շահառուների մեծ մասը կանայք են:

Մեր վերջերս ծավալած ոչ պակաս կարևոր նախաձեռնություններից է Արցախում իրականացվող տնամերձ ջերմոցների ծրագիրը, որի շրջանակում Մարտունու և Ասկերանի շրջանի 50 շահառու ընտանիքի տրամադրվել է 30քմ տարածքով ջերմոցներ: Ջերմոցների նախագծման աշխատանքներն իրականացվել են Ուորչեսթրի պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսրանների  ուսանողների կողմից, իսկ  կառուցման համար կիրառվել են բացառապես տեղական շուկայում առկա և մատչելի շինանյութ: Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ծրագրում  ներառված  բոլոր 50 շահառու ընտանիքները  44-օրյա պատերազմի ընթացքում  զոհված զինծառայողների, տեղահանվածների, աշխատանք և բնակավայր կորցրած մեր հայրենակիցներն են: Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի տնամերձ հողամասերում բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնելու միջոցով շահառու ընտանիքներին ապահովել որոշակի տնտեսական կայունությամբ, քանի որ պատերազմի հետևանքով այդ գյուղերին պատկանող համայնքային հողերի զգալի մասն այժմ գտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Ծրագրի ոչ պակաս կարևոր նպատակներից է նաև բնակիչներին հավատ ներշնչել  վաղվա օրվա հանդեպ:

Բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում ներկայումս ունենք 33 էկո ակումբ: Դրանցից մի քանիսը  գործում են սահմանամերձ գյուղերի դպրոցներում, այդ թվում Արարատի մարզի Պարույր Սևակ և Գեղարքունիք մարզի համանուն գյուղում: Ծրագիրը միտված է ամրապնդել մեր երիտասրադ սերունդների բնապահպանական գիտելիքներն ու ոգին՝ միաժամանակ ուսուցանելով առաջնորդության հմտություններ: Երիտասարդների մշակած բնահեն ծրագրեը  համայքին ուժ և հավատ են ներշնչում, ինչն իր հերթին խրախուսում է երիտասարդներին կամքի ուժ ցուցաբերել և  չլքել իրենց հայրենի հողը: Այս տարի մեր կրթական երկու կենտրոնում, ինչպես նաև մեր վերապատրաստողների դպրոցական այցերի և մեր նոր՝

«Էյ Թի Փի»-ի  բնապահպանական  կրթության ծրագրի մասնագետները այս տարի դասընթացներ են անցկացրել  շուրջ 150  համայնքային դպրոցում, որտեղ Հիմնադրամի մեկ այլ ծրագրի՝ Համայնքային  ծառատունկի շրջանակում իրականացվել են նաև տնկման աշխատանքներ:Նման համապարփակ  ծրագրերն էլ ավելի են ամրապնդում համայքների հետ կապն ուխթանում  արդյունավետ համագործակցությունը: Ավելին, տարեկան շուրջ 6000 աշակերտ և ուսանող մեր կրթական կենտրոններ այցելելու, վերապատրաստողների կողմից դպրոցական այցեր կատարելու և վերջերս կյանքի կոչած «Շարժական դասարան» ծրագրի շրջանակում ստանում են բնապահպանական հիմնախնդիրներին  առնչվող գիտելիքներ և հմտություններ: Դասընթացներ են անցկացվել նաև ուսուցչածնողական կոմիտեների քան 500 անդամի հետ:

Հիմնադրումից մինչ օրս՝ Էյ Թի Փի»-ն ծառեր տնկելու միջոցով նպաստում է Հայաստանի և Արցախի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, աջակցում ցածր եկամուտ ունեցող մարդկանց և ընտանիքների:   

Ծրագրին աջակցման համար կարող եք այցելել  www.ArmeniaTreeProject.org/en/donation  և մեկնաբանությունների բաժնում նշել՝ Artsakh Projects.

- # # # -

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակը: