05 Dec, 2018

«Էյ Թի Փի»-ն եզրափակում է աշնանային ծառատունկը՝ տնկած ծառերի թիվը ավելացնելով ևս 187614-ով

2018 թ.-ին, 257910 ծառ տնկելու նպատակով, «Էյ Թի Փի»-ն աշխատանքի է հրավիրել հարյուրավոր մարդկանց, որոնցից մեկն է 19-ամյա Անժելան,: 

Վերջին ժամանակներում Կալիֆոռնիայում տեղի ունեցած զանգվածային ավերիչ և մահացու հրդեհները ստիպում են նաև մեզ մտածել Հայաստանի անտառների մասին, և թե մենք ինչ ենք անում մեր երկրի կարևորագույն ռեսուրս հանդիսացող անտառները պահպանելու համար։  Չնայած հրդեհների բռնկման պատճառները դեռևս ուսումնասիրվում են, այնուամենայնիվ, ըստ նախնական տվյալների, դրանք մարդածին են։

Իսկ որքանո՞վ են ապահովագրված մեր անտառները նման աղետներից։ Հարկ է նշել, որ քանի դեռ աշխարհում կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ իրենց ակտիվությամբ կամ պասիվությամբ կարող են ազդել շրջակա միջավայրի վրա, ապա ոչինչ ապահով չէ:

Թեև սովորաբար հաջողվում է մեծ ջանքերի գնով մարել հրդեհները, այնուամենայնիվ երբեմն գյուղաբնակ տարածքներին կից բռնկվող անտառային հրդեհները օրերով շարունակվում են՝ հիմնականում բավարար ռեսուրսների և համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հայաստանի նման երկրի համար, որի անտառածածկ տարածքները,  ըստ պաշտոնական տվյալների, չեն գերազանցում  11 տոկոսը, նույնիսկ փոքր հրդեհը կարող է զգալի վնաս պատճառել շրջակա միջավայրին:

Հետևաբար, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը էապես կարևորում է հրդեհների կանխարգելման միջոցառումները: Կրթական մասով, «Էյ Թի Փի»-ն աշխատում է իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և կրթում հայ երիտասարդներին անտառային հրդեհների կանխարգելման եղանակների մասին՝ մասնավորապես Երևանում  և Հայաստանի առավել խոցելի շրջաններում, ինչպիսիք են Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերը: Գամփռ Չալոն, որը անտառային հրդեհները կանխարգելող քարոզարշավի  գլխավոր կերպարն է, ներկայացված է մի շարք պաստառներում և սոցիալական գովազդներում:

Կալիֆոռնիայից հազարավոր մղոններ հեռավորության վրա գտնվող Ստեփանավանի մոտակայքում բնակվող Անժելա Մկրտչյանն իր ավագ եղբոր և մայրիկի հետ ծառ է տնկում «Էյ Թի Փի»-ի անտառտնկման տեղամասերից մեկում: Հաջորդ 11 օրվա ընթացքում այս ընտանիքի ապրուստի միջոցն ուղղակիորեն կապված է լինելու հացենու, խնձորի, թեղու, թխկու, կաղնու և տանձի տնկիներից: Ծառերի տնկման և խնամքի աշխատանքներ իրականացնելու համար «Էյ Թի Փի»-ն տարեկան վարձում է ավելի քան 150 սեզոնային աշխատակցի:

Թեև սա կարճաժամկետ աշխատանք է, սակայն Մկրտչյանների համար, ովքեր չունեն մշտական աշխատանք, այն շատ կարևոր է: Անժելան երկրորդ տարին է, ինչ աշխատում է «Էյ Թի Փի»-ի հետ, իսկ նրա ընտանիքը ծառատունկի թիմում է արդեն չորս տարի: Անժելայի քույրը նույնպես մտադիր է չափահասության տարիքի հասնելուն պես աշխատել:

«Ես ինձ լավ  եմ զգում այն մտքից, որ մենք  աշխատում ենք ոչ միայն մեր առօրյա կարիքները հոգալու համար: Կարծում եմ, որ մեր ապագա սերունդները երախտապարտ կլինեն մեզ և չեն մեղադրի գոնե այս հարցում , քանի որ, եթե անկեղծ լինենք, իսկապես նրանք դեռ շատ ու շատ բաներում մեզ կմեղադրեն»,- նշեց Անժելան:

Անժելան օրական տնկում է մոտ 200 տնկի և 11 օրվա ընթացքում կվաստակի շուրջ 180 ԱՄՆ դոլար, ինչը մի փոքր ավելին է, քան միջին ամսական աշխատավարձը Հայաստանում:

«Ծառատունկի շնորհիվ աշխատակիցները դառնում են մեր գաղափարակիցները: Այդ ընթաղքում նրանք բարեկամանում են անտառի հետ և գիտակցում, թե որքան առատաձեռն է այն, այսպիսով խրախուսելով նաև ուրիշներին պահպանել և պաշտպանել այն,- նշում է «Էյ Թի Փի»-ի անտառագետ Վահե Մարտիրոսյանը:

«Էյ Թի Փի»-ի մյուս անտառտնկման տեղամասերում՝ Տաշիրում և գերմանական «Ջի Այ Զեթ» ընկերության հետ համատեղ ծրագրի շրջանակում Ապարանի, Արայի և Վարդենուտի տեղամասերում աշխատում են ավելի քան 40 հոգի:

 «Էյ Թի Փի»-ն նաև պտղատու ծառեր է տրամադրում գյուղական համայնքներին և հարյուրավոր կամավորներ աջակցում են  Հայաստանի և Արցախի բազում համայնքներ կանաչապատելու աշխատանքներին՝ այսպիսով ըստ 2018թ.-ի աշնան տվյալների տնկած ծառերի  ընդհանուր թիվը 1994 թ.-ից սկսած հասցնելով  5,722,331: Ընդ որում  184,614 ծառ տնկվել է միայն այս տարի:

«Էյ Թի Փի»-ն Ղուրսալի համայնքի շուրջ 200 ընտանիքի որպես ձմռան վառելիք տրամադրել է կոճղաշիվային սանիտարական մաքրումներից հավաքված փայտը։  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված այս ծրագիրը ընդգրկում էր Ղուրսալի համայնքին կից 10 հա անտառածածկ տարածքը, որի մաքրման աշխատանքներում ներգրավված էին տեղացիները։

Մինչ այժմ շուրջ 5․7 միլիոն ծառ տնկելու համար «Էյ Թի Փի»-ին անհրաժեշտ է  եղել մեծաքանակ աշխատուժ և «օգնող ձեռքեր», ինչպիսիք են Անժելան և նրա ընտանիքը։  Հիմնադրամի գործունեության գրեթե 25-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ ծառերը ոչ միայն հույժ կարևոր են մեր առողջության պահպանման, այլ նաև նրանց միջոցով ապրուստի բազում միջոցներ հայթայթելու համար։

Այժմ, ավելի քան երբեք, հնարավորություն կա նորովի ստեղծել Հայաստանը, որտեղ մարդիկ և շրջակա միջավայրը կարող են ներդաշնակ գոյակցել միմյանց հետ։ Կանաչ և մաքուր Հայաստան ստեղծելու, ինչպես նաև մարդկանց և  մեր մոլորակի հանդեպ հոգատար վերաբերմունք սերմանելու «Էյ Թի Փի»-ի ջանքերը ավելի եռանդուն են քան երբևէ, քանի որ Հայաստանը ներկայումս ուրվագծում է իր նոր ապագան։