15 Apr, 2020

Տնկարանային տնտեսությունների կարողությունների ընդլայնման կարևորությունը անտառածածկը մինչև 2050թ. -ը կրկնապատկելու Հայաստանի հանձնառության համար

Լուսանկար - նտառագիտությանը նվիրված համաժողովի ընթացքում փորձագետները նշեցին, որ Հայաստանին անհրաժեշտ է ընդլայնել տնկարանային տնտեսությունների ցանցը: Լուսանկարում ցուցադրված է «Էյ Թի Փի»-ի տնկարաններից մեկում կիրառվող ոռոգման կաթիլային համակարգը:

Նյութը՝ Ջեյսոն Սոհիգյանի

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով հոկտեմբերին անցկացված «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով անդրանիկ համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեման վերաբերում էր մինչև 2050 թվականը   երկրի անտառածածկի կրկնապատկման հանձնառությանը:  Ավելի վաղ, հավակնոտ այս նախաձեռնության մասին հայտարարվել էր կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի շրջանակում:

Համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ և տեսակետներ այն մասին, թե որքան տարածքներ և տնկիներ անհրաժեշտ կլինեն Հայաստանի անտառածածկը 20 տոկոսի հասցնելու համար: Ըստ մոտավոր հաշվարկների՝ առաջիկա 30 տարվա ընթացքում  ծրագրի իրականացման համար կպահանջվի  ավելի քան 500 միլիոն տնկի, այդ թվում՝ նաև այն անտառների ռեսուրսները, որոնք վերականգնվում են բնական վերաճի միջոցով: Այդքան մեծ թվով ծառերի պահանջարկը և տնկարանային տնտեսությունների կարողությունների  առկայության հիմնահարցը համաժողովի արդիական թեմաներից էին, ուստի նիստերից մեկը կրում էր «Տնկարանային տնտեսություններ և առևտրային  նպատակով անտառտնտեսություններ. Հայաստանի հնարավորությունները» խորագիրը:

ՀՀ Անտառային կոմիտեի ղեկավարի խորհրդական. Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր տրամադրության տակ ունի մեկ ջերմոց և երեք տնկարան, որոնք միասին արտադրում են 800000-ից մինչև մեկ միլիոն տնկի: Ընդհանուր առմամբ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցների միջև հարցուպատասխանների ձևաչափով քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանն իր նպատակների իրագործման համար ներկայումս չունի անտառտնտեսությունների կարողությունների բավարար մակարդակ, և որ գործընկերային հարաբերությունները շատ կարևոր են անտառվերականգնման աշխատանքներում:

ՀԱԱՀ-ի դասախոս Հասմիկ Խուրշուդյանը շեշտեց ծառերի երկարատև կենսունակության ապահովման համար որակյալ տնկանյութի, ինչպես նաև համապատասխան ծառատեսակների առկայության կարևորությունը՝ խուսափելու համար միակազմ անտառներից, որոնք չունեն առողջ էկոհամակարգեր ստեղծելու համար անհրաժեշտ դիմացկունությունն ու կենսաբազմազանությունը:  Նա նաև ավելացրեց, որ տնկումներ կատարելիս պարտադիր է հաշվի առնել տվյալ կլիմայական գոտու՝ մասնավորապես բարձր լեռնային գոտիների առանձնահատկությունները՝ միաժամանակ ընդգծելով Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառատեսակների ձեռքբերման կարևորությունը: Բանախոսներից մեկ  ուրիշը՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Թամոյանը նշեց, որ տվյալ տեղանքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված տնկիներ ապահովելու համար  ավելի նպատակահարմար են  փոքր և իրարից հեռու գտնվող տնկարանների ռեսուրսների կիրառումը:

«Էյ Թի Փի»-ի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը ներկայացրեց Հիմնադրամի 25-ամյա գործունեության ընթացքում կատարած աշխատանքներից մի քանի օրինակներ: Անդրադառնալով տնկարանների կարողությունների հիմնահարցին՝ պարոն Հարությունյանը նշեց, որ «Էյ Թի Փի»-ն Հայաստանում հիմնել է 4 ջերմոց և 4 տնկարան: Տնկարաններից երկուսը գտնվում են Երևանին կից մարզերում, իսկ մյուս երկուսը՝ Լոռու և Վայոց Ձորի մարզերում:  Տարբեր կլիմայական գոտիներում տնկարանների ստեղծումը պայմանավորված է հիմնականում  ծառերի բարձր կպչողականության ապահովմաբ:  Ներկայումս Հիմնադրամն իր տնկարաններում ունի բազմացման փուլում գտնվող շուրջ 4 միլիոն տնկի, որոնցից 1 միլիոնը կվերատնկվեն մոտ ապագայում: Նա նաև նշեց, որ «Էյ Թի Փի»-ն ունի ընդարձակվելու հավակնոտ ծրագրեր, հատկապես թաղարների մեջ աճեցվող տնկիների ջերմատնային արտադրության ուղղությամբ:

Այս քննարկմանը մասնակցած բանախոսների թվում էին Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Միլիոնավոր սոճու ծառեր ներկրելու վերաբերյալ բազմիցս հնչող հակասական կարծիքները պայմանավորված են երկրում ոչ բավարար քանակի տնկիներ ունենալու հետ: Ի պատասխան՝ «Էյ Թի Փի»-ն հունվարին թողարկեց տեղեկագիր, որում նշված էին այս խնդրին վերաբերող որոշ առաջարկություններ և խորհուրդներ: Մասնավորապես նրանում տեղ էին գտել ոչ բնիկ ծառատեսակների ներկրման և տնկման  դեմ ուղղված հիմնավորված փաստարկներ, և փոխարենը  խառն անտառներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն ունենալ առողջ անտառներ, և տնկումներ  իրականացնել ոչ միայն թաղարներում աճեցվող տնկիների միջոցով:

Ի թիվս տնկարանային տնտեսությունների կարողությունների ընդլայնմանը՝ քննարկումների ժամանակ նշվեց նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման հիմնահարցը: Այս առումով, «Էյ Թի Փի»-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է գործընկերության նոր համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի համատեղ ուժերով իրագործելի լուծումներ գտնել  կարողությունների զարգացման խնդրի շուրջ: Համալսարանի ուսանողները «Էյ Թի Փի»-ի տնկարաններում և ջերմոցներում կանցկացնեն գործնական աշխատանքներ և դաշտային ուսումնասիրություններ: Ավելին, ՄԱԶԾ-ի աջակցությամբ  ներկայումս իրականացում է փորձնական ծրագիր:

«Անտառագիտությանը նվիրված գագաթնաժողովի մասնակիցները միահամուռ համաձայնեցին, որ լրացուցիչ տնկարանների հիմնումը Հայաստանի անտառվերականգնման 30-ամյա ծրագրի հաջող իրականացման գրավականն է: Ակնհայտ է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Էյ Թի Փի»-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործող տնկարանները չեն կարող արտադրել բավարար քանակությամբ տնկանյութ: Ուստի, համապատասխան մարմինները նախ և առաջ պետք է հստակ  տեղեկություններ տրամադրեն  առկա տնկման տարածքների չափերի և դրանց գտնվելու վայրի մասին, որպեսզի մենք տրամադրենք տվյալ տեղամասերի աճման պայմաններին հարմարեցված ծառատեսակներ»,- նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:

«Ներկայումս Հայաստանը չունի ինչպես բավարար քանակությամբ որակյալ տնկիներ, այնպես էլ անհրաժեշտ տեսականի: Ավելին, Հայաստանն ունի սերմերի պահպանման ընդամենը մեկ փոքր գենային բանկ, ուստի, տարիներ անց, որոշ տեսակներ իսպառ կանհետանան: Հետևաբար, մենք պետք է ստեղծենք նոր գենային բանկ և փորձարարական լաբորատորիաներ, քանի որ որակյալ սերմերի առկայության դեպքում կստանանք նաև որակյալ ծառեր», - ավելացրեց տիկին Փափելյանը: