26 May, 2020

Արդյունքներ և հետևություններ #Անտառների գագաթնաժողով19 - ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ և ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովի «Անտառների պահպանման, անտառվերականգնման և անտառպատման  ֆինանսական մեխանիզմներ» թեմայով նիստի առաջին խոսնակն էր :

Նյութը՝ Ջեյսոն Սոհիգյանի

Հայաստանը ստանձնել է հավակնոտ պարտավորություն՝ կրկնապատկելու իր անտառածածկը մինչև 2050 թվականը, որպես Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի կատարման մի մաս: Քաղաքականությունից և տեխնիկական մարտահրավերներից բացի, հիմնական խոչընդոտներից է նման ծավալուն ծրագրի համար ֆոնդերի հայթայթման հիմնախնդիրը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով 2019 թ.-ի հոկտեմբերին կայացած  «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով անդրանիկ համաժողովի երկրորդ օրվա նիստերից մեկը նվիրված էր ֆինանսավորման մեխանիզմների թեմային:

Բանախոսների թվում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային գրասենյակի «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի գծով խորհրդական Կարմեն Արգուելո Լոպեսը,  ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ու «Woods Hole» հետազոտական կենտրոնի ասիստենտ գիտնական Գլեն Բուշը:  Նիստը վարում էր ՄԱԶԾ-ի ներդրումների գծով խորհրդական Վահագն Ոսկանյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը սկիզբ դրեց այս կարևորագույն թեմայի քննարկմանը՝ ընդգծելով երկրի անտառածածկի կրկնապատկմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ: Նա հայտարարեց, որ նման մեծածավալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 250000 հեկտար տարածք, որը կարժենա շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար: Ավելին, նա հաստատեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ներկայումս չունի բավարար տնկարանային կարողություններ՝ անհրաժեշտ քանակի տնկիներ բազմացնելու համար, փոխարենը, որպես այլընտրանք, նշելով , որ «Էյ Թի Փի»-ն  ունի  գործարկվող մի քանի տնկարաններ և ջերմատներ, իսկ նորաստեղծ   «Մայ Ֆորեսթ Արմենիա»  ՀԿ-ն իր առաջին տնկարանը հիմնելու ճանապարհին է: 

«Բոլոր այս տնկարանները կաջակցեն երկրի անտառածածկի կրկնապատկման կառավարության ջանքերին: Ավելին, կառավարությունը ներկայումս համագործակցում է «ՖԱՍԹ» հիմնադրամի  հետ՝ ստեղծելու համար գործիքներ և սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա մշտադիտարկել կատարված աշխատանքներն ու կիրառել նորագույն տեխնոլոգիաներ:

Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ դոկտոր Ղափլանյանն ընդգծեց, որ Հայաստանը փարիզյան համաձայնագիրը ստորագրած երկրների շարքում է և ակնկալվում է, որ զարգացած երկրները  կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագրերին աջակցելու նպատակով  կստանձնեն ֆինանսավորել վերջիններիս՝ տարեկան ուղղորդելով շուրջ 100 մլրդ ԱՄՆ դոլար: Այնուամենայնիվ, նկատվում է  գլոբալ ծրագրերի պակաս, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ արդյունավետորեն մոբիլիզացնել նման ծավալի ֆինանսավորումը: Այս առումով Հայաստանը սկսել է մշակել կլիմայական ֆինանսավորման նորարական մեխանիզմի ներդրման համակարգ, որն ուղղված կլինի բնությանը հասցված վնասի պատճառով առաջացած պարտքի փոխհատուցմանը:  Որպես վառ օրինակ, հարկ է նշել, որ Հայաստանի երկկողմ պարտքը  կազմում է մեկ մլրդ ԱՄՆ դոլար: Ներկայումս բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի հետ, ինչը կարող է խթան հանդիսանալ զարգացած երկրներին կատարել փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունները: Այն դեպքում, եթե այդ մեխանիզմները գործեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև, դրանք կարող են  նաև կիրառվել այլ զարգացող երկրներում:  

Նիստի ժամանակ Կարմեն Արգուելո Լոպեսը կիսվեց որոշ օգտակար խորհուրդներով, թե ինչպես կարող է Հայաստանը մուտք գործել կլիմայական ֆինանսավորման համակարգ: Այս առումով երկրին անհրաժեշտ կլինի կատարելագործել ներպետական համակարգվածությունը, քննարկումներ անցկացնել հայ շահառուների հետ, որպեսզի մշակվեն փոխակերպման ծրագրեր և դրամաշնորհներից բացի հաշվի առնվեն նաև բոլոր հնարավոր ֆինանսական գործիքները:  Նա նաև նշեց, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համագործակցելը երկարատև գործընթաց է, քանի որ ծրագրի հաստատման համար  կպահանջվի երկու տարի, իսկ իրագործման համար՝ 8-ից 10 տարի : Կարճաժամկետ մտածողությունը այս պարագայում կարող է սահմանափակող գործոն հանդիսանալ:

Բանախոսներից մեկ ուրիշը՝ կլիմայի փոփոխության գծով փորձագետ Դիանա Հարությունյանը, կարևորեց ֆինանսական պահպանողական այլ մեխանիզմների կիրառման նպատակահարմարությունը՝ մասնավորապես առանձնացնելով բնապահպանական հարկերի գանձումը, քանի որ անտառները ապահովում են էկոհամակարգի արժեքավոր ծառայություններ, ինչպիսիք են հողի և ջրերի պաշտպանությունը: Ներկայումս կա հնարավորություն Հայաստանի անտառների կենսաբազմազանությունը կիրառել որպես դրամական օգուտներ քաղելու միջոց՝ ներգրավելով ՀՀ-ում բիզնեսով զբաղվող մասնավոր հատվածին, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի անմիջական շահառուներ: Այդ շահառուների ցանկում են ըմպելիքների արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը: Տիկին Հարությունյանը նաև հավելեց, որ գոյություն ունեն ֆինանսավորմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք հաճախ անտեսվում են:  Նոր անտառներ տնկելուց բացի, անհրաժեշտ է պահպանել արդեն իսկ գոյություն ունեցող անտառները, քանի որ դրանց պաշտպանությունն  ու անտառների կայուն կառավարումը սովորաբար  ծախսերի տեսանկյունից առավել արդյունավետ է, քան նոր անտառների տնկումը: 

«Woods Hole» հետազոտական կենտրոնի բնապահպանական տնտեսագիտության գծով մասնագետ Գլեն Բուշնայս նիստն ամփոփեց ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններով: Նա ընդգծեց, որ հավաստի տվյալներն անհրաժեշտ են ծրագրերի հաջող իրականացման համար, ընդ որում,  ինչպես ծրագրերի կառավարման, այնպես էլ ազդեցության գնահատման տեսանկյունից: Նիստի ժամանակ նշված բոլոր դրամական միջոցներն ուղղված են լայնածավալ ազդեցություն ունենալուն:

«Առաջիկա 30 տարիների ընթացքում Հայաստանի համար հիմնական մարտահրավերը կլինի սահմանել անտառների տեսակային կազմն ու որոշել տնկման ճշգրիտ վայրերը: Այս գործընթացի միջով անցնելով և գնահատելով անտառները՝ ըստ իրենց  նպատակային նշանակության (վառելանյութ, առևտրային կամ էկոհամակարգային ծառայություններից բխող շահից), դուք կարող եք որոշել  մշտադիտարկման համար անհրաժեշտ ազդեցության և  կատարման շրջանակը»,- նշեց Գլեն Բուշը:

Անդրադառնալով Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում ունեցած իր փորձին՝ դոկտոր Բուշը մատնանշեց, որ կլիմայի ֆոնդերից շատերն առաջնորդվում են «Վճարումներ կատարողականության դիմաց» ռազմավարությամբ: Այն է՝ դրամական միջոցների հաջորդ մասնաբաժնի բաշխումն անմիջականորեն կապված է գործունեությունների  ազդեցության գնահատման համաձայնեցված ցուցանիշին: Նա նաև նշեց, որ վերջինս պահանջում է մանրակրկիտ ռազմավարական պլանավորում, կառավարում և ազդեցության գնահատում, որպեսզի հնարավոր լինի որոշել՝ արդյոք այդ ծրագրերը ունեցե՞լ են ակնկալվող վերջնական արդյունքը, թե՝ ոչ:

Նա նաև հավելեց, որ դրամական միջոցների մեծ մասն ուղղված է ոչ միայն նոր անտառներ տնկելու նպատակով ածխածնի ծավալների կրճատմանը: Շատ հաճախ կարևոր է ճշգրտորեն գնահատել սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գիտակցելով չափման և մոնիտորինգի հետ կապված մարտահրավերները,  այն դեպքում, երբ առկա են սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ, նա առաջարկեց մշակել մի շարք չափման միավորներ, որոնք թույլ կտան  ֆինանսավորողներին ներկայանալ «մեկ անգամ գնահատել և երկու անգամ զեկուցել» սկբունքով՝ նպատակ հետապնդելով կրճատել ծախսերը: Կատարման չափանիշներից շատերը այն տվյալներն են, որոնք Հայաստանն արդեն իսկ հավաքագրել է՝ ներառյալ սոցիալական ազդեցությունների և կենսամակարդակի վերաբերյալ կառավարության չափումները:

Գոյություն ունեն համաշխարհային մասշտաբով իրականացվող ծրագրեր, որոնք ապահովում են  բնությանը պատճառած վնասի և ածխածնային արտանետումների դիմաց պարտքերի փոխհատուցման հնարավորություններ: Նման ծրագրերին մասնակցելու իրավունք ստանալու համար Հայաստանը պետք է իրականացնի առկա անտառների մանրակրկիտ գույքագրում և մշակի մեխանիզներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հսկել նոր տնկումներն ու որոշել կպչողականության մակարդակը: Անտառային համաժողովի մասնակիցներից շատերը հաջողությամբ աջակցել են այլ երկրների՝ այս չափորոշիչներին համապատասխանելու հարցում և Հայաստանը ևս իր ծրագրերի մշակման փուլում պետք է խորհրդակցի նրանց հետ:

«Այս նիստի ընթացքում հնչեցին մի շարք խորհուրդներ, որոնց կարող են հետևել շատ կազմակերպություններ և քաղաքականություն մշակողներ: Այսպես, մեր աշխատանքներն ընդլայնելու համար «Էյ Թի Փի»-ն մշտապես հետաքրքրված է նոր ֆոնդերի հայթայթմամբ», -նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը: