15 Jun, 2020

Արդյունքներ և հետևություններ #Անտառների գագաթնաժողով19 - Քաղաքային անտառների և ծառածածկ տարածքների դերը անտառվերականգնման աշխատանքներում

Նկար՝ Երևանի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Մալաթիա-Սեբաստիայի Ս. Երրորդություն եկեղեցու այգու կանաչապատումից առաջ և հետո արված նկարները:

Նյութը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի

Քանի որ Հայաստանը ձեռնամուխ է եղել իրականացնելու իր անտառածածկը կրկնապատկելու 30-ամյա ծրագրին, կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ գոյություն ունեն տարբեր պայմաններում գոյատևող բազմատեսակ անտառներ: Քաղաքային վայրերում ճանապարհների երկայնքով ծառերի տնկումն անտառվերականգնման կարևորագույն բաղադրիչներից է: Ավելին, քաղաքային տնկարկները  պաշտպանում են շրջակա միջավայրն ու տալիս բազում օգուտներ քաղաքաբնակներին, քանի որ մաքրում են օդը փոշուց, մարդկանց համար զով ու ստվեր են ապահովում և տալիս բազում մրգեր:

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծառերը իսկապես բարելավում են քաղաքաբնակների կյանքի որակը: Բազմաթիվ երկրներից հարցմանը մասնակցած միլիոնավոր մարդկանց պատասխաններից ելնելով ակնհայտ է, որ կանաչ տարածքներին կից ապրող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը շատ ավելի ցածր է:

ԱՄՆ անտառային ծառայության հասարակական հետազոտություններով զբաղվող գիտնական Միշել Կոնդոն, ով նաև վերոնշյալ ուսումնասիրության հեղինակն է, նշել է հետևյալը. «Բնության և կանաչ տարածությունների բարերար ազդեցությունը մեր առողջության վրա արտահայտվում է միմյանց հետ սոցիալական կապ և համախմբվածություն ստեղծելու մարդկանց ձգտումով: Այն է ՝ թե ինչպես ենք մենք հաղորդակցվում միմյանց հետ»:

Անցյալ տարի՝ հոկտեմբերին, «Էյ Թի Փի»-ի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի համահովանավորմամբ կազմակերպվել էր «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով միջազգային համաժողովը: Անտառների վերաբերյալ քննարկումներին մասնակցող միջազգային և տարածաշրջանային փորձագետների միահամուռ համաձայնությամբ որոշում է կայացվել, որ լայնամասշտաբ անտառվերականգնման ծրագրերի հաջող ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել նաև անտառտնկման տեղամասերին կից համայնքներին, հաշվի առնելով նրանց առաջնային կարիքներն ու   տնկման տեղամասերի հետ կապված նրանց առաջարկները:Ավելին,  անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն փաստը, որ ծառերի հետ կապված գյուղաբնակների և քաղաքաբնակների պահանջերը բոլորովին տարբեր են:

Հայաստանի բնակչության մեծամասնությունը ապրում է Երևանում: Մեզանից շատերին է ծանոթ ամռան ամիսներին Երևանի տոթ ու փոշոտ փողոցներն ու այն հրճվանքը, երբ վերջապես այդ տապին որևէ կանաչ գոտում գտնում ենք մի զով և ստվերոտ անկյուն պատսպարվելու համար:

«Էյ Թի Փի»-ն էապես կարևորում է քաղաքային անտառների և կանաչ տարածքների դերը: Ի դեպ, կազմակերպության ստեղծման գաղափարը հիմնադիր Քերոլին Մուգարի մոտ ծագել էր հենց 1990-ականների սկզբին, երբ նա ականատես էր եղել, թե ինչպես են մարդիկ իրենց բնակարանները ջեռուցելու նպատակով այգիներից կտրում հազարավոր ծառեր: 1994թ. -ից մինչ այժմ Հիմնադրամի կողմից տնկած 6 միլիոն ծառից շուրջ 375,000-ը տնկվել է Երևանի 346 տեղամասում, այդ թվում՝ դպրոցների, զորամասերի, թանգարանների, եկեղեցիների, համալսարանների, զբոսայգիների, օդանավակայնի և կենդանաբանական այգու տարածքում:  Այս ամենի արդյունքում, Երևան քաղաքի օդը դարձել է ավելի մաքուր: Ստեղծվել են «ջերմային կղզիներից» պատսպարվելու համար զով ու ստվերոտ անկյուններ, ինչպես նաև հանգստի և ժամանցի անցկացման ավելի շատ «կանաչ» տարբերակներ:

«Էյ Թի Փի»-ի կողմից ստեղծված քաղաքային այգու վառ օրինակ է Երևանի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը: Ժամանակին այն ամայի և փոշոտ մի վայր էր: «Էյ Թի Փի»-ն 2001թ. -ից մինչև 2016թ. -ը եկեղեցու տարածքում տնկել է 5340 ծառ՝ ներառյալ տարատեսակ պտղատուներ, դեկորատիվներ և թփեր, որոնց կպչողականությունը մինչ այժմ կազմում է 81%:  Ներքոնշյալ նկարներում ակնհայտ է, թե որքան է փոխվել եկեղեցու տարածքը՝ անհրապույր վայրից վերածվելով քաղաքային կանաչ օազիսի:

Համայնքի հին բնակիչներից մեկը՝ Գոհար Աթաբեկյանը, նշում հետևյալը. «Մինչև 1980-ական թվականների վերջերն ընտանիքիս հետ ապրել եմ Երևանի կենտրոն թաղամասում և որպես կենտրոնաբնակ երևանցիներ, մեզ համար բավականին դժվար էր համակերպվել այստեղ: Տարբերություններն ահռելի էին:   Այ օրինակ՝ ներկայիս եկեղեցու բակի տարածքը ծառայում էր որպես բացօթյա տոնավաճառ, որտեղ վաճառում էին ամենատարբեր կենցաղային իրեր՝ կերոսինե լամպեր, օճառ, գուլպաներ և այլն: Որքանով հիշում եմ,  ներկայիս Մալաթիա տոնավաճառի տարածքում գոմեր էին և այն ժամանակ զարմանալի չէր , երբ կանգառներում կամ բնակելի շենքերի տարածքում երբեմն տեսնում էիր կովեր: Բայց ինձ ավելի շատ մտահոգում էր փոշոտ և խեղդող օդը, քանի որ գրեթե ծառեր չկային: Անչափ երախտապարտ եմ «Էյ Թի Փի»-ից և Մալաթիա- Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանին՝ նման լավ ծրագրեր կյանքի կոչելու համար: Եթե այն տարիներին այցելում էինք լոկ եկեղեցի պատարագին մասնակցելու համար, այժմ սիրով ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ ժամանակ ենք անցկացնում մոտակա այգիներում: Այս այգիներն ու եկեղեցին դարձել են մեր թաղամասի այցեքարտը»:

Հայաստանի ստանձնած անտառվերականգնման 30-ամյա ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ «Էյ Թի Փի»-ն կշարունակի աճեցնել և տնկել բնիկ և որակյալ ծառեր Հայաստանի ողջ տարածքում և տրամադրել իր մասնագիտական փորձն ու գիտելիքները: