03 Nov, 2020
Մենք՝ Հայաստանի և Արցախի բնապահպաններս,դատապարտում և միևնույն ժամանակ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Արցախի, Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի համայնքների մոտակայքում գտնվող անտառային էկոհամակարգերի և հատուկ պահպանվող տարածքների կանխամտածված ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման կապակցությամբ: Բազմաթիվ ԶԼՄ-ների տեսագրություններում, այդ թվում նաև ադրբեջանական, երևում են ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ի երեկոյան, ֆոսֆորին հատուկ փայլով այրվող անտառները:
Անտեսելով այն փաստը, որ 2021-2030թթ. ՄԱԿ-ի ԳԱ կողմից հայտարարվել են Էկոհամակարգերի վերականգնման տասնամյակ, որի նպատակն է ողջ աշխարհում պաշտպանել և վերականգնել էկոհամակարգերը՝ ի նպաստ մարդկանց և բնության՝ Ադրբեջանը գիտակցաբար թիրախավորում է Արցախի հանրապետության էկոհամակարգերը՝ խախտելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ մասնավորապես հոդված 8 (2) (բ) (iv) և պայմանական զենքի մասին կոնվենցիայի III արձանագրության դրույթները:
Ֆոսֆորի կործանարար ազդեցությունը մարդկանց, բույսերի և կենդանիների վրա պատճառ է դարձել, որ միջազգային շատ կազմակերպություններ արգելեն դրա օգտագործումը քաղաքացիական բնակչության կամ բնական միջավայրի դեմ: Ֆոսֆորն այրվում է ուժգին՝ ծանր վնասվածքներ պատճառելով մարդկանց և կենդանիներին: Այն դիմակայուն է հրդեհները մարելու ավանդական մեթոդների նկատմամբ, և նրա հետքերը կարող են երկար տարիներ մնալ հողում ՝ շարունակելով վնաս պատճառել հրդեհներից տուժած էկոհամակարգերին:
Հազարավոր տարիներ Արցախի խաղաղասեր էթնիկ հայերը ապրել են իրենց հին ու գեղեցիկ սրբազան անտառներում: Անտառները մատակարարում են վառելիք, սնունդ, մաքուր օդ և մաքուր ջուր: Նրանք ծառայում են որպես բնակավայր կենդանիների տեղական շատ տեսակների համար: Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը չկարողանա զավթել այս տարածքը, ապա կփորձի այն դարձնել անբնակելի: Մենք չենք կարող հանդուրժել նման հետևանքները:
Խնդրում ենք բարձրացնել ձեր ձայնը՝ տարածելով այս հայտարարությունը օգտագործելով #StopEcocide և # RecognizeArtsakh հեշթեգերը և թեգելով հետևյալ կազմակերպություններին և հեղինակություններին՝ International Criminal Court, UN Environment Programme, US Forest Service, Forest Europe, The Climate Project, Greenpeace, Рослесхоз, Greta Thunberg, Leonardo Dicaprio, David Attenborough, Jane Goodall.
Մենք՝ ներքոհիշյալ ստորագրյալներս.
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Վարդան Մելիքյան
Հայկական բնապահպանական ցանց
Մայ ֆորեսթ Արմենիա
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
Փարոս հիմնադրամ
«Կանաչ արահետ» ՀԿ
Երևանի բուսաբանական այգի
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«ԷկոՀաբ» հիմնադրամ
«ԷկոԹիմ» ՀԿ
«Տապան» էկո-ակումբ ՀԿ
ԱՐԿ բնապահպանական ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Երրորդ բնություն» ՀԿ
«Կենաց ծառ» բնապահպանական ՀԿ
«Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ
Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Հայաստանի ազգային ագրարային համալսարան