16 Nov, 2020

Ուսանողական պրակտիկա Օհանյան կենտրոնում

Արդեն երեք տարի է, ինչ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Մարգահովիտ գյուղում  գտնվող Օհանյան կրթական կենտրոնը  Վանաձորի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է ուսումնական պրակտիկայի ծրագրեր:  Ծրագրի առաքելությունն է կրթության և գիտության ոլորտի  ապագա մասնագետներին փոխանցել բնապահպանության ոլորտում «Էյ Թի Փի»-ի հարուստ փորձն ու գիտելիքները այնպես, որ վերջինս ունենա բազմապատկող ազդեցություն ապագա սերնունդներին կրթելու գործում:  

«Էյ Թի Փի»-ի Օհանյան կենտրոնում 2020 թվականի հոկտեմբեր ամսին ՎՊՀ-ի բնական գիտությունների բաժնի թվով 24 ուսանողի հետ անցկացվեց մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ: Վերջինիս նպատակն էր ամրապնդել ուսանողների ունեցած  տեսական գիտելիքները գործնական գիտելիքներով և աշխատանքներով: Կենտրոնը հագեցած է գործնական աշխատանքների և դասընթացների  համար նախատեսված բոլոր հարմարանքներով և սարքավորումներով:

Ձեզ ենք ներկայացնում վերապատրաստվողներից մեկի՝ ՎՊՀ-ի բնական գիտությունների բաժնի ուսանող Լիանա Սիմոնյանի հետ անցկացրած հարցազրույցը.

 

Ի՞նչ տպավորություն ունեք Կենտրոնի մասին և ինչ նոր բան սովորեցիք վերապատրաստման ընթացքում

Անկեղծ կարծում եմ, որ «Էյ Թի Փի»-ի դերը բնապահպանության ոլորտում պետք է բարձր գնահատվի, հատկապես այն պարագայում, երբ գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության զարգացման կարևորագույն  և առաջնային ոլորտներից մեկն է: Վերապատրաստման ընթացքում մեր թիմին հաջողվեց իրականացնել ուսումնասիրություններ կենսաբազմազանության, Բլդան գետի աղտոտվածության, օրգանական պարարտանյութերի և բիուհումուսի կարևորության, թնչունների դերի, նոր մշակաբույսերի բազմացման   վերաբերյալ:  Ինձ համար նաև շատ հետաքրքիր էր առաջին անգամ փորձել կիվանո, որը վարունգի մի տեսակ է և ունի անսովոր քաղցրություն և մրգային համ: Մենք հավաքել ենք  կիվանոյի սերմեր և պատրաստվում ենք ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու, թե որքանով են դրանք ադապտացվում Հայաստանի կլիմայական պայմաններում և ինչ օգտակար հատկություններ ունեն:

Մեկ այլ բուսատեսակ, որ գրավել էր իմ ուշադրությունը «Էյ Թի Փի»-ի փորձարարական  տնկարանում ծորենիների տարբեր տեսակներն էին: Համակուրսեցիներիս հետ հավաքել ենք բավականին շատ  ծորենու տերևներ  և պատրաստվում ենք փորձեր կատարել՝ պարզելու համար՝ արդյոք կարող ենք դրանցից բնական ներկեր ստանալ: Կարծում եմ, եթե ստացվի, շատ լավ բիզնես գաղափար է ընկերներիս հետ սկսելու համար:   

 

Ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ բացահայտեցիք փորձերի ժամանակ

 Բլդան գետի ջրի աղտոտվածության մակարդակը որոշելու նպատակով մենք կատարեցինք տվյալ ջրային ռեսուրսի հատակին առկա կենսաբանական տեսակների ուսումանսիրություն, որի արդյունքում պարզեցինք, որ գյուղի բնակելի տարածքից դուրս գտնվող գետի հատվածներում ջուրը համեմատաբար ավելի մաքուր է:  Ավելին, գետի ակունքին մոտ հատվածներում նկատվում էին կարմիր իշխանի և ձողաձկան  վտառներ, մինչդեռ գյուղամիջով անցնող հատվածում ձկներ ընդհանրապես չէին նկատվում: Ինձ համար ցավալին այն է, որ  գետի ակունքից մինչև գյուղամեջ հատող հատվածի հեռավորությունը ընդամենը վեց կիլոմետր է: Պատճառը իհարկե բնակիչների կողմից կենցաղային աղբով գետը աղտոտելն է: Ի դեպ, նման խնդրի առջև են կանգնած նաև հանրապետության մի շարք այլ գյուղեր:

 

 Դուք նաև այցելել եք «Էյ Թի Փի»-ի Միրաք տնկարան, ի՞նչ տպավորություններ ունենք տնկարանի վերաբերյալ

Բացի այն, որ Տնկարանը գտնվում է գեղատեսիլ լեռների գրկում և ունի տարատեսակ բուսատեսակներով զբաղեցված հսկայական տարածք, մեզ հատկապես դուր եկավ տնկարանում աճեցվով հապալասենիները: Հապալասը հարուստ է վիտամիներով և հանքային նյութերով և կարող է դառնալ շահավետ եկամտի աղբյուր մեր գյուղատնտեսների համար:

 

Իսկ ի՞նչ կարծիք ունեք օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ

Կարծում եմ, որ մենք պետք է բնության հետ ներդաշնակ ապրենք: Այ օրինակ  էապես արժեվորում են փոքրիկ օրգանական այգիների պահպանումը, որոնք դեռևս ոչ շատ վաղ անցյալում մշակում էին մեր տատիկ պապիկները իրենց տնամերձներում:  Նաև կարծում եմ, որ գյուղատնտեսության մեջ պետք է իսպառ բացառենք քիմիական ծագում ունեցող բոլոր պարարտանյութերը: Հողերի  բերրիությունը վերականգնելու լավագույն եղանակներից մեկը վերմիկոմպոստի կիրառումն է: Այն հողերը, որոնք այլևս պիտանի չեն գյուղատնտեսության մեջ կարող են կրկին արդյունավետ  դառնալ կենսահումուսի օգտագործման շնորհիվ: Այս առումով «Էյ Թի Փի»-ն օգտագործում է կալիֆոռնիական որդեր, որոնք նպաստում են առողջ և բերրի հողեր ստանալուն: Անձրևաորդերը ևս նպաստում են հողերի բերրիացմանը, քանի որ  սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ: Ցավոք, վերջին տարիներին  անձրևաորդերի քանակը կտրուկ նվազել է մեր երկրում և դրա վերաբերյալ որևէ գիտական հետազոտություն դեռևս չի կատարվել:
 

Այս թեմաներից որևէ մեկը կընտրե՞ք ձեր  գիտական թեզի համար:

Իսկապես հետաքրքրված եմ օրգանական պարարտանյութերով, սակայն դեռ մեկ տարի ունեմ մինչ համալսրանը ավարտելը և չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ միգուցե մտափոխվեմ  հետագայում, եթե գյուղատնտեսական այլ ճյուղով կամ խնդրով սկսվեմ էլ ավելի հետաքրքրվել:

 

Ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես ՝ Արցախի անտառներին, որոնք մասամբ ոչնչացվել են քիմիական զենքի միջոցով:

Անշուշտ տեղի ունեցածը ողբերություն է ողջ ազգի համար և դեռ երկար տարիներ կզգանք դրանից բխող հետևանքները: Ի դեպ, այս առումով լիովին համաձայն եմ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով վերջերս հայտարարեց, որ բնական գիտությունների պահանջարկը գնալով  կրճատվում է, քանի որ առավել մեծ շեշտադրություն է դրվում ՏՏ ոլորտի վրա:  Պատգամավորը կարծում է, որ երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի հանդեպ այդքան մեծ պահանջարկը պայմանավորված է բարձր աշխատավարձերով, ուստի նրանցից շատերը հրաժարվում են այլ ոլորտներ ընտրելուց:  Բայց իրականում այս պատերազմը մեզ ապացուցեց, որ մեզ ավելի շատ մասնագետներ են պետք բնական գիտությունների և շրջակա միջավայրի ոլորտներում: Մենք կկարողանայինք խուսափել պատերազմի ընթացքում բազմաթիվ անհաջողություններից, եթե այս ոլորտը հավուր պատշաճի մակարդակի վրա լիներ: Այլ կերպ ասած, ես  կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ֆոնդեր հայթայթել ինչպես բնապահպանության, այնպես էլ գիտական ոլորտներում:
 

 Ձեզ դուր եկավ՞ Օհանյանների անվան կրթական կենտրոնը, և արդյոք Հիմնադրամի վերապատրաստման մասնագետները կարողացան Ձեզ փոխանցել օգտակար գիտելիքներ:
Գայանեն, բացի լավ անձնավորություն լինելը, օժտված է նաև մասնագիտական բարձր որակներով և կարող եմ վստահորեն ասել, որ մեր բոլոր հարցերի դիմաց ստացել ենք հստակ պատասխաններ: Շնորհիվ Գայանեի՝ մեր տեսական գիտելիքներն ամրապնդվել  են գործնական գիտելիքներով և աշխատանքներով: Անչափ շնորհակալ ենք, որ մեզ հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալ նաև Մարգահովտի հարուստ կենսաբազմազանության հետ: