22 Mar, 2021
Հայաստանի մարզային մեծ ու փոքր քաղաքներում շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված կարողությունների ընդլայնման նպատակով «Էյ Թի Փի»-ն Եվրոպական միության կողմից ստացել է €695000 դրամաշնորհ: Վերջինս դրամաշնորհի գլխավոր հայտատու կազմակերպությունն է, իսկ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ համահայտատու կազմակերպություններ:
«Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» խորագիրը կրող սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակում կներկայացվի կանաչ համայնքի քաղաքաշինական մոդելը՝ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:
Շահառու համայնքների ցանկում ընդգրկվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզի 15 քաղաք և դրանց հարակից համայնքները: Ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ աշխատանքների իրականացման համար.
«Էյ Թի Փի»-ն պատասխանատու կլինի քաղաքային կանաչ տարածքների ընդլայնման, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և բնապահպանական կրթությանն ուղղված գործողությունների համար: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կկիրառի իր փորձն ու կապերը տարածաշրջանային դերակատարների կարողությունների զարգացման ոլորտում՝ համակարգելով և կապող օղակ հանդիսանալով համայնքային դերակատարների և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ձևավորման գործում: «Հայկական էներգիայի գործակալություն» հիմնադրամը կմշակի և կիրականացնի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը (մասնավորապես արևային սարքեր) և էներգաարդյունավետության պրակտիկայի խթանմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ:
Դրամաշնորհային ծրագրի շնորհիվ ընտրված համայնքներում կստեղծվեն կենսապահովման նոր հնարավորություններ: Ավելին, ծրագրի շրջանակում ծառատնկման աշխատանքներում ընդգրկված հարյուրավոր տեղաբնակների հնարավորություն կընձեռվի ստանալ եկամտի հավելյալ միջոցներ:
«Դրամաշնորհային այս ծրագիրը մեզ հնարավորություն կտա ընդարձակելու «Էյ Թի Փի»-ի ծրագրերը՝ ընդգրկելով ավելի շատ համայնքներ, որտեղ կիրականացվեն ոչ միայն կանաչապատման աշխատանքներ, այլ նաև կնպաստենք տվյալ համայնքներում կայուն աշխատանքային պրակտիկայի և ենթակառուցվածքների ձևավորմանը: Մենք անչափ երախտապարտ ենք, որ կկարողանանք մեր բնապահպանական ծրագրերը ընդլայնելով և մեր ամենահաջողված մոդելները կրկնապատկելով մեր ավանդը բերել ներառված համայնքների տնտեսական կենսունակությանը»,- նշեց «Էյ Թի Փի»-ի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:
«Մենք ՝«Հայկական էներգիայի գործակալություն» հիմնադրամի անձնակազմը, ուրախ ենք այս ծրագրի գործընկեր լինելու համար, ինչը ևս մեկ հնարավորություն է խոսելու կանաչ էներգիայի, վերականգնվող և արդյունավետ էներգիայի օգուտների մասին: Շնորհավորում եմ «Էյ Թի Փի» և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին և հաջողություն մաղթում բոլորիս՝ մեր նպատակներին հասնելու համար», - նշեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
EU4Environment: «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի մեկին Հայաստանում: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 36 ամսվա ընթացքում:
_____________________________
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել «Էյ Թի Փի» ԲՀ-ի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Մելքոնյանի հետ anim@armeniatree.org