11 Հոկտեմբեր 2026 · Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան։

ԱՄՆ երկկուսակցական բանաձևը ճանաչում է ATP գործունեությունն ու արժևորում Հայաստանի բնական ժառանգությունը՝ COP17-ի նախաշեմին

11 Հոկտեմբեր 2026 · Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան։

ԱՄՆ երկկուսակցական բանաձևը ճանաչում է ATP գործունեությունն ու արժևորում Հայաստանի բնական ժառանգությունը՝ COP17-ի նախաշեմին

Ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1991–1994 թվականների Արցախյան պատերազմի և դրա հետևանքով առաջացած բնապահպանական ճգնաժամից հետո, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարը, իր ամուսնու՝ Ջոն Օ’Քոնորի հետ, նախաձեռնեց մի ծրագիր, որը հետագայում դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ բնապահպանական նախաձեռնություններից մեկը՝ «Արմենիա թրի փրոջեքթ»-ը (ATP)։ Բարեգործական հիմնադրամն արդեն տնկել է ավելի քան 10 միլիոն ծառ, վերականգնել բնական լանդշաֆտներ, ամրապնդել համայնքները և նպաստել Հայաստանի բնապահպանական դիմակայունության բարձրացմանը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Դեյվիդ Վալադաոն (հանրապետական՝ Կալիֆոռնիայից) և Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ՝ Նյու Ջերսիից) ներկայացրեցին H.Res.1616 բանաձևը, որը պատմական երկկուսակցական նախաձեռնություն է։ Այն կարևորում է կենսաբազմազանության պահպանությունը, ողջունում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստը (COP17) հյուրընկալող երկիր, բարձր է գնահատում ATP-ի բացառիկ ներդրումը, ինչպես նաև աջակցում Հայաստանի ինքնիշխան տարածքի և բնական ժառանգության պաշտպանությանը։ Բանաձևը նաև ընդգծում է, որ բնության պահպանության ոլորտում ԱՄՆ-ի և Հայաստանի գործակցությունը նպաստում է երկու երկրների ընդհանուր տնտեսական, անվտանգության և մարդասիրական շահերի առաջմղմանը։ Այն նշում է նաև, որ երկու երկրների միջև փոխանակումները ամրապնդում են նրանց ռազմավարական գործընկերությունն ու երկարամյա բարեկամությունը։ Ամերիկայի հայկական համագումարը վճռականորեն աջակցել է երկկուսակցական բանաձևին։ Սերտորեն գործակցելով Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հետ՝ համագումարն աջակցել է փաստաթղթի մշակմանը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի բնապահպանական նախաձեռնությունների ձեռքբերումները, այնպես էլ Արմենիա թրի փրոջեքթի ներդրումն այդ նպատակների իրականացման գործում։ «Որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ՝ հպարտ եմ ներկայացնելու այս երկկուսակցական բանաձևը, որը ճանաչում է Հայաստանի՝ բնության պահպանության և շրջակա միջավայրի պատասխանատու կառավարման հարցում ցուցաբերած ամուր հանձնառությունը», — նշել է կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն։ «COP17-ը կարևոր հնարավորություն է աշխարհի առաջնորդների համար՝ համախմբվելու և անդրադառնալու բնապահպանական հրատապ մարտահրավերներին։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի առաջատար դերը այս կարևոր քննարկման գործում, ինչպես նաև մեր երկու ժողովուրդների միջև երկարամյա գործընկերության ամրապնդմանն ուղղված ջանքերը»։ «Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում, և Կոնգրեսում իմ գործունեության ողջ ընթացքում ես հպարտությամբ կանգնել եմ հայ ժողովրդի կողքին», — ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը։ «COP17-ի հյուրընկալումը Հայաստանում բացառիկ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու այն երկրի գեղեցկությունը, որի պահպանման համար նրա ժողովուրդն այդքան պայքարել է։ Երբ երկրները կհավաքվեն Երևանում՝ քննարկելու կենսաբազմազանության կորուստը և մեր բնական պաշարների պաշտպանության ավելի արդյունավետ ուղիները, Հայաստանը կլինի այդ կարևոր աշխատանքի կենտրոնում։ Հպարտ եմ աջակցելու այս երկկուսակցական բանաձևին, որը կարևորում է այս պատմական պահը և նպաստում Հայաստանի բնական ժառանգության պահպանությանը գալիք սերունդների համար»։ «Բնության պահպանությունը չի կարող տարանջատվել անվտանգությունից կամ ինքնիշխանությունից», — նշել է «Արմենիա թրի փրոջեքթ»-ի հիմնադիր Քերոլին Մուգարը։ «Հայաստանին ողջունելով որպես COP17-ի հյուրընկալող երկիր և վերահաստատելով ԱՄՆ-ի ու Հայաստանի համագործակցությունը անտառտնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և անտառային հրդեհների կանխարգելման ոլորտներում՝ այս բանաձևը Հայաստանի անտառները դիտարկում է որպես ռազմավարական նշանակության ազգային հարստություն։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի հայկական հարցերով խմբի ղեկավարությանը՝ այս կարևոր օրենսդրական նախաձեռնության համար»։ 1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող խոշորագույն համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածության և ըմբռնման բարձրացմանը։ Համագումարը խիստ անկուսակցական անդամակցային կազմակերպություն է՝ ԱՄՆ հարկային օրենսդրության 501(c)(3) դրույթով հարկերից ազատված կարգավիճակով։

Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։

Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։