24 Նոյեմբեր 2026 · Խնձորեսկ

Այն օրը, երբ Խնձորեսկի բնակիչները եկան ծառերի հետևից

24 Նոյեմբեր 2026 · Խնձորեսկ

Այն օրը, երբ Խնձորեսկի բնակիչները եկան ծառերի հետևից

«Ես բարձրահասակ մարդ եմ, ուրեմն իմ ծառերն էլ պետք է բարձրահասակ լինեն։ Ինձ բարձր ծառեր տվեք»։

Գառնիկ Մանուչարյանը՝ բարձրահասակ, կապուտաչյա մի տղամարդ, ով աչքի էր ընկնում իր աշխույժ հումորի զգացումով, կանգնած էր ոչ հեռու, երբ գրանցման հարցում օգնող Լիլիթը կանչեց. «Մանուչարյա՛ն, եկեք, գրանցվեք»։ «Գալիս եմ, գալիս եմ»,- պատասխանեց նա՝ մոտենալով գրանցման թերթիկին, որի վրա ստորագրելու համար ստիպված եղավ գրեթե կիսով չափ կռանալ։ Օդը զով էր ու ամպամած Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի պատմական Խնձորեսկ գյուղում։ Ժամանակ առ ժամանակ արևի մեղմ ճառագայթները ճեղքում էին ամպերը։ Գյուղի առօրյան արդեն իր սովորական հունով էր ընթանում, սակայն առավոտն ուներ հանգիստ, անհապաղության չպարտադրող տրամադրություն։ Գյուղացիները գալիս էին իրենց հարմար ժամանակին՝ ողջունելով ծանոթներին, փոխանակվելով նորություններով և մի քանի խոսք զրուցելով՝ սպասելով իրենց ծառերը ստանալուն։ Հավաքը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի (ATP) պտղատու ծառերի բաշխման ծրագրի շրջանակում էր, որն ընդգրկում էր շուրջ 600 ընտանիք Կարաշեն և Խնձորեսկ գյուղերում։ Ընտանիքները ստանում էին ծիրանի, նուշի, ընկույզի, խնձորի, տանձի, դեղձի և սալորի տնկիներ։ Միայն Խնձորեսկում ծրագրին մասնակցում էր ավելի քան 400 ընտանիք։ Ծառեր տրամադրելուց բացի՝ այս նախաձեռնությունն օգնում է ընտանիքներին վերականգնել իրենց այգիները, ավելացնել սեփական տնտեսություններում արտադրվող սննդամթերքի ծավալը և ներդրում կատարել ապագա բերքի մեջ։ Գառնիկը ուրախ է իր այգին ևս մի քանի ծառով համալրելու համար։ Նա պատմում է, որ իր հողատարածքի ծառերից մի քանիսը տնկել են դեռևս իր նախապապերը։ Այժմ դրանք ծերացել են և, թեև դեռ պտուղ են տալիս, այլևս նախկինի պես առատ բերք չեն ապահովում։ Գառնիկը սիրում է փորձել նոր սորտեր և անհամբեր սպասում է իր այգին թարմացնելուն։ Գառնիկը նաև հորդորում է հարևաններին չհետաձգել ծառերի տնկումը։ Նրա համոզմամբ՝ աշնանը տնկելը մեկ տարի շահել է նշանակում, քանի որ ծառերն ավելի շուտ են հարմարվում հողին և սկսում պտղաբերել մեկ սեզոն շուտ։ Երբ հավաքվածների թիվը աստիճանաբար նվազում է, մոտակա արվեստի դպրոցից երեխաներ են դուրս գալիս։ Գյուղապետարանի աշխատակիցներն արդեն նրանց «եռյակ» մականունն են տվել։ Տասը տարեկան հասմիկը, Տաթևն ու Տիգրանը եռյակներ են, և նրանց հայտնվելը նոր աշխուժություն է հաղորդում հավաքին։ Հասմիկն ու Տիգրանը մոտենում են իրենց հարցով. «Մանդարինի ծառեր ունե՞ք։ Մենք շատ ենք սիրում մանդարին»։ Մեծահասակներից մեկը բացատրում է, որ Խնձորեսկում մանդարին չի աճում, իսկ Հայաստանում էլ այն գրեթե չեն մշակում։ Տիգրանը արագ գտնում է այլընտրանքային տարբերակ. «Դե լավ, ես խնձոր էլ եմ նույնքան սիրում»։ Տաթևը, որը քույր ու եղբոր համեմատ մի փոքր ավելի ամաչկոտ է, դիմում է Տիգրանին՝ հորդորելով շտապել, որպեսզի հասցնեն տուն վերադառնալ, մինչև պապիկն առանց իրենց տնկի ծառերը։ Հեռանալուց առաջ Հասմիկը հպարտությամբ ցույց է տալիս իր նկարչական ալբոմը՝ լի նկարներով ու գունանկարներով։ Նա ուրախությամբ կիսվում է իր աշխատանքներով՝ մեզ փոքրիկ պատկերացում տալով այն մասին, թե ինչ է սովորում արվեստի դպրոցում։ Երբ կեսօրը վերածվում է երեկոյի, քամին աստիճանաբար ուժգնանում է, իսկ գյուղացիներն ավելի ու ավելի քիչ են այցելում։ Մեր մեկնելուց քիչ առաջ գյուղապետարանի մի քանի աշխատակիցներ վերջապես մոտենում են՝ իրենց հասանելիք ծառերը վերցնելու։ Օրվա մեծ մասը նրանք անցկացրել են՝ օգնելով տեսակավորել տնկիները, կազմակերպել բաշխումը և կանչել գյուղացիներին՝ իրենց ծառերը ստանալու համար։ Այժմ նրանց հերթն է մի քանի ծառ տուն տանելու։ Վերջին այցելուներից մեկը Համլետ Դանիելյանն է։ Ուրախությամբ ստանալով իր ծառերը՝ նա մեզ հետ կիսվում է գալիք տարիների իր մաղթանքով.
«Թող այս ծառերն առաջիկա տարիներին այնքան առատ պտուղ տան, որ մարդիկ հոգնեն այդքան բերք ունենալուց»։

Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։

Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։