10 Նոյեմբեր 2026 · Yerevan
Հայաստանի կենսաբազմազանությունը՝ կինոյի լեզվով

Հայաստանի կենսաբազմազանությունը՝ կինոյի լեզվով
Մահին հաղթող ծառ, բնության ու եղանակի տրամադրություններ արտացոլող կոմիտասյան մեղեդիներ, Հայաստանի հյուսիսում թաքնված մի լիճ, որի մասին քչերը գիտեն, նաև մի այգի, որտեղ պահպանվում է կորսված հայրենիքի հիշողությունը․․․
14 ֆիլմեր և ռիլեր, որոնք յուրովի նայում են բնությանն ու պատմում նրա մասին։ Եվ ինչպես նկատեց Armenia Tree Project-ի (ATP) հիմնադիր Քերոլին Մուգարը՝ «Շատ տարբեր են հայացքները բնությանն ու թիրախային է ընտրված բովանդակությունը»։
Գաղափարից՝ ֆիլմ
COP 17-ին ընդառաջ «Արմենիա թրի փրոջեքթ»-ը, Ասիական զարգացման բանկը (ADB) և «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը նախաձեռնել էին Հայաստանի կենսաբազմազանության պահպանման և կարևորության մասին պատմող ֆիլմերի ու ռիլերի մրցույթ, որը նպատակ ուներ ստեղծագործական պատմությունների միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի բնության, կենսաբազմազանության և դրա պահպանության կարևորության վրա։
«Մեր նպատակն այն չէր, որ պարզապես փառատոն կազմակերպենք՝ արդեն պատրաստի ֆիլմերի համար։ Մենք ուզում էինք նախաձեռնել դրանց ստեղծումը, տեղացի ռեժիսորներին ֆինանսական աջակցություն տալ, որպեսզի նրանք ֆիլմեր նկարահանեն Հայաստանի կենսաբազմազանության մասին»,– մրցույթի գաղափարը ներկայացնելիս նշեց «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի նախագահ Հովհաննես Իշխանյանը։
7 ռիլ, 7 ֆիլմ, բոլորն էլ Հայաստանի բնության մասին
Բաց մրցույթ հայտարարվեց, որին ներկայացվեց շուրջ 60 հայտ։ Առաջին փուլում մասնագիտական ժյուրին՝ վավերագրող ռեժիսորներ Իննա Մխիթարյանը և Արթուր Սուքիասյանը, ընտրեցին 14 նախագիծ՝ 7 կարճ տեսանյութի (ռիլի) և 7 վավերագրական ֆիլմի սցենարները։ Ընտրված աշխատանքներն անցան նկարահանման փուլ և ներկայացվեցին հանդիսատեսին։
Հոկտեմբերի 29-ին COP17-ի Կանաչ գոտում, տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։
Լավագույններն ընտրված են
Ժյուրիի կազմում էին Armenia Tree Project-ի կրթության փորձագետ Նվարդ Գևորգյանը, ArmDoc վավերագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանը և կինոռեժիսոր Վահան Խաչատրյանը։ Նրանց ընտրությունը կանգ էր առել հետևյալ աշխատանքների վրա․
Լավագույն Ռիլ անվանակարգում Առաջին մրցանակ Լարա Առաքելյանին՝ «Կենի» ռիլի համար։ Կարճ, դինամիկ ու գունեղ տեսանյութով հեղինակը պատմում է ծառի անմահության ու օգտակարության մասին, ներկայացնելով՝ հակաքաղցկեղային տաքսոլ արտադրող գեղեցկուհուն իր բնական միջավայրում։
Ռիլի համար երկրորդ մրցանակը Հայկ Պետրոսյանինն էր՝ «Երգն ու բնությունը» ռիլի համար։ Կոմիտասի մեղեդիներում բնության ու եղանակի տարբեր տրամադրություններ է գտել հեղինակն ու պատմել դրանց մասին՝ կարճ ու երգեցիկ՝ մի քիչ կատակով, մի քիչ հուզական։ «Եղանակների մասին այնքան երգեր կան, որ եղանակի տեսությունը կարող ենք նույնիսկ այդ երգերով ներկայացնել՝ «Երկինքն ամպել է․․․․» «Ամպել ա, ձյուն չի գալիս․․․»,- ասում է ու երգում Հայկը։
Վավերագրական ֆիլմերի անվանակարգում Առաջին մրցանակը ստացավ Արթուր Նազարեթյանը՝ «Երկրորդ լիճը» ֆիլմի համար, որը պատմում է Հայաստանի հյուսիսում՝ Վրաստանի ու Թուրքիայի սահմանին գտնվող Արփի լճի մասին։ «Հայաստանում կա մի հրաշալի լիճ գեղեցիկ՝ էկոհամակարգով։ Ուզում էի պատմել մարդկանց, որմեր երկրում կա մի այսպիսի վայր, որի մասին քչերը գիտեն»,- ընդգծում է հեղինակը։
Երկրորդ մրցանակը Սիրանուշ Սարգսյանինն է՝ «Կոտրված ծաղիկը արմատ է գցում» ֆիլմի համար։ Ֆիլմը Արցախից տեղահանված մի երիտասարդ մայրիկի մասին է, ով կենսաբազմազանությունը ստեղծում է իր բակում, իր ընտանիքի շուրջ՝ չմոռանալու համար նաև իր հայրենի հողի համն ու բույրը։ Ֆիլմի հեղինակի համար էլ սա կարևոր հնարավորություն էր պատմելու իր՝ հեռվում թողած հայրենիքի մասին, թեկուզ անցյալով, բայց ապրեցնող պատմությամբ։
Հատուկ հիշատակման արժանացավ Վարուժան Գալտակյանի «Ո՞վ սպանեց բեզոարյան այծին» երգ-ֆիլմը։ Երգ-կատակ, երգ-փաստաթուղթ Բեզոարյան այծի անուն-ազգանունի, ապրելակերպի ու ճակատագրի մասին։
Ինչպես մրցանակաբաշխության ընթացքում ընդգծեցին ժյուրիի անդամները, թեև մրցանակների քանակը սահմանափակ էր, բոլոր 14 աշխատանքներն էլ արժանի էին գնահատանքի՝ իրենց յուրօրինակ մոտեցումներով, պատմություններով և բնությանն ուղղված կարևոր ուղերձներով։
Ֆիլմերը կշարունակեն իրենց ճամփորդությունը
Այս նախագծի ավարտը, սակայն, ֆիլմերի պատմության ավարտը չէ։ Ֆիլմերը կշարունակեն իրենց ճանապարհը՝ ներկայացվելով տարբեր կինոփառատոններում և հարթակներում՝ Հայաստանի կենսաբազմազանության մասին պատմությունները հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի։
Իսկ մրցանակը, իհարկե, պիտի արտացոլեր կենսաբազմազանությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների պատրաստած կանաչ մրցանակները տեղադրված էին թռչնի վանդակների մեջ։ Խորհրդանշական այս ձևավորումը բնության ազատության, նրան սահմանափակող պատնեշների վերացման և ազատ ապրելու հնարավորության մասին էր։
ATP-ի այս նախաձեռնության կարևոր արդյունքը միայն ծառերի, կենդանիների ու լճերի մասին տեղեկություններ փոխանցելը չէ։ Այն բնության մասին պատմելու, բայց միևնույն ժամանակ մարդկանց, հիշողությունների, մշակույթի և ապագայի մասին խոսելու ևս մեկ ձև է, իսկ պատկերն ու ձայնը միշտ շատ ավելին կարող են պատմել։
Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։
Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։
