«Այգու ստեղծումը». Մատենադարանն ու Գյուլբենկյանի թանգարանը երկխոսության մեջ

«Այգու ստեղծումը». Մատենադարանն ու Գյուլբենկյանի թանգարանը երկխոսության մեջ
Կարո՞ղ է այգին դառնալ թանգարանի շարունակությունը, նրա պատմության մի մասը, մի վայր, որտեղ բնությունն ու մշակույթը երկխոսում են։
Այս հարցի շուրջ AHA Collective-ի պատկերասրահում կայացավ հանրային զրույց՝ երկխոսության մեջ դնելով Լիսաբոնի Գյուլբենկյան այգու հարուստ փորձն ու Մատենադարանի այգու տեսլականը։
Գյուլբենկյան այգու կրթական ծրագրի համակարգող Պաուլա Կորտե-Ռեալը ներկաներին մտովի տարավ Լիսաբոն՝ պտտելու Գյուլբենկյան այգու արահետներով, որտեղ ջուրը երաժշտություն է, ճանապարհները՝ կյանքի պատմություն, իսկ այգին սկսվում է ու կարծես երբեք չի ավարտվում։ Մի այգի, որտեղ թանգարանն ու բնությունը մեկ ամբողջություն են։
Մատենադարանի նոր այգու տեսլականի մասին խոսեցին ATP-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանն ու AHA Collective-ի հիմնադիր Նաիրի Խաչատուրյանը։
Նախագիծ, որտեղ Հայաստանի մշակութային ու բնական ժառանգությունը միավորվելու են մեկ կենդանի միջավայրում։
«Մատենդարանը չափազանց զգայուն և կարևոր վայր է ողջ հայության համար, և ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով պիտի վերաիմաստավորենք այն լերկ լանջը, որից օգտվել ենք դժվարին տարիներին։ Հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է, հավակնություն ունենք այն դարձնելու Երևանի թիվ մեկ վայրը» – ասաց Մարինա Մխիթարյանը։
Մատենադարանի միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը խոսեց ձեռագրերի ու ապագա այգու միջև հյուսվելիք ամուր մշակութային թելերի մասին։
Այգի, որտեղ անցյալի ժառանգությունն ու հիշողությունը բնության մեջ սերմ կգցեն՝ դառնալով նոր պատմության սկիզբ։ Պատմություն, որը գուցե կկապվի նաև արդեն տասնամյակների կյանք ունեցող Գյուլբենկյանի այգու հետ։ Չէ՞ որ երկուսն էլ՝ բնության, մշակույթի և մարդու միջև կապ ստեղծելու գաղափարակիրն են։
Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։
Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։
