Նորածին անտառը տեղական աշխատատեղեր է ապահովում

ATP-ի նոր մարտահրավերը․ Հայաստանի ամենադժվար կլիմայական գոտիներից մեկում՝ Շիրակի Պեմզաշեն համայնքում, ստեղծել անտառ։
Շիրակի բարձրադիր սարահարթը Հայաստանի ամենադժվար վայրերից մեկն է ծառ աճեցնելու համար․ բարակ հողաշերտը, խստաշունչ ձմեռներն ու ուժեղ քամիները հաճախ թույլ չեն տալիս երիտասարդ տնկիներին արմատակալել։ Հենց այսպիսի տարածք է ընտրել ATP-ն իր նոր անտառտնկման ծրագրի իրականացման համար Պեմզաշեն համայնքում։
Տնկման աշխատանքների մեկնարկից ի վեր բնապահպանական ծրագիրը դարձել է նաև եկամտի աղբյուր համայնքի բնակիչների համար։ Տասնյակ մարդիկ են ներգրավվել տարածքի նախապատրաստական, ծառատնկման և հետագա խնամքի աշխատանքներում, որոնք անհրաժեշտ են այս կլիմայական պայմաններում անտառի կայացման համար։
«Մենք պարզապես ծառեր չենք տնկում, այլ հիմնում ենք անտառ, որը պետք է կարողանա հարմարվել այս հողին և ամրանալ։ Այս պայմաններում առաջին երկու ձմեռների հաղթահարումը յուրաքանչյուր տնկիի համար փոքրիկ հաղթանակ է», — նշել է տարածքում աշխատանքները համակարգող ATP-ի դաշտային պատասխանատուն։
Հաջողության դեպքում Պեմզաշենի ծրագիրը կարող է օրինակ ծառայել Հայաստանի մյուս բարձրադիր և սակավ տեղումներ ունեցող տարածաշրջաններում անտառտնկման աշխատանքների համար՝ ցույց տալով, որ նույնիսկ երկրի ամենաբարդ բնակլիմայական պայմաններում հնարավոր է ստեղծել և՛ նոր անտառներ, և՛ ապահովել մարդկանց աշխատանքով։
Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։
Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։
