23 Նոյեմբեր 2026 · Karin Nursery

Ձեռքերը, որոնք տնկում են

23 Նոյեմբեր 2026 · Karin Nursery

Ձեռքերը, որոնք տնկում են

Սվետիկ Թարջումանյանը հազվադեպ է խոսում այն օրվա մասին, երբ 1988 թվականին իր ընտանիքը ստիպված եղավ փախչել Բաքվից։ Նա հիշում է միայն իր կրտսեր որդու՝ Կարենի ծանրությունը, երբ նրան ամուր սեղմած կողքին՝ ընտանիքով անցնում էին դեպի անորոշություն տանող ճանապարհը։

Նրանք բնակություն հաստատեցին Հայաստանի Արագածոտնի մարզի փոքրիկ Սասունիկ գյուղում, որտեղ կյանքը բնավ հեշտ չէր։ Աշխատանք չկար, համայնքային կապեր չկային, չկար նաև սեփական տուն ու ապահովություն ունենալու զգացումը։ Ընտանիքը պահելու համար Սվետիկը սկսեց իր միակ կովի կաթից պանիր ու մածուն պատրաստել և վաճառել Երևանում։ «Այդպես էինք ալյուր, ձավարեղեն ու ձեթ գնում։ Այդպես էինք գոյատևում»,- հիշում է նա։ Ամեն ինչ փոխվեց 1997 թվականին, երբ նա իմացավ «Հայաստանի ծառատունկ» ծրագրի (ATP) կողմից Կարինում հիմնադրված նոր տնկարանի մասին։ Նա դիմեց աշխատանքի և ստացավ փորձաշրջան անցնելու հնարավորություն։ «Գիտեի, որ պետք է ամեն գնով կառչեմ այդ հնարավորությունից։ Աշխատում էի՝ ներդնելով ինձնից ամբողջը»,- ասում է նա։ Աշխատանքը չափազանց ծանր էր․ ջերմոցներ չկային, ոռոգման համակարգեր չկային, իսկ բերրի հողաշերտը գրեթե բացակայում էր։ Բայց Սվետիկը մնաց։ Ժամանակի ընթացքում նա սովորեց բույսերի բազմացման, պատվաստման և հողի մշակման հմտությունները՝ դառնալով իր վարպետությամբ ու համեստ, բայց խոր գիտելիքներով ճանաչված մասնագետ։ «Ամենից շատ սիրում էի պատվաստում անել»,- ժպտում է նա։ «Դեռ այսօր էլ սիրում եմ»։ Նրան աշխատանքի մեջ միացավ նաև որդին՝ Կարենը։ Մանուկ հասակում նա դույլեր էր կրում, հետևում պատվաստման աշխատանքներին և մեծանում երիտասարդ ծառերի շարքերով շրջապատված։ Հետագայում, թեև մի քանի տարի Ռուսաստանում անցկացրեց՝ կայուն աշխատանք գտնելու հույսով, միշտ վերադառնում էր։ «Մայրս իրեն ամբողջությամբ նվիրել էր այս վայրին։ Ես ուզում էի շարունակել այն, ինչ նա սկսել էր»,- պատմում է Կարենը։ Այսօր Կարենը ղեկավարում է Կարինի տնկարանի թիմը, որի տարեկան արտադրողականությունը 20,000 տնկիից հասել է հարյուր հազարավորների։ Այժմ չորս ջերմոցներն ու ժամանակակից ոռոգման համակարգերը հնարավորություն են տալիս ամեն տարի աճեցնել ավելի քան 100 տեսակի ծառ։ Սակայն Կարենի համար տնկարանի իրական ժառանգությունը միայն ծառերը չեն, այլև այն մարդկային կյանքերը, որոնց այն օգնել է վերակառուցել։
«Կարինը երբեք պարզապես աշխատավայր չի եղել»,- ասում է նա։ «Այստեղ տեղահանված մարդիկ, ինչպես մայրս, գտել են կայունություն և արժանապատվություն։ Նույնիսկ այսօր՝ Արցախում վերջին պատերազմից հետո, նոր ընտանիքների համար անհրաժեշտ է այդ նույն հնարավորությունը։ ATP-ն միայն ծառերի մասին չէ։ Այն մարդկանց՝ իրենց հայրենիքում արմատներ գցելու և մնալու հնարավորություն տալու մասին է»։
19 տարի շարունակ Սվետիկը խնամել է տնկիներ, որոնք մի օր պետք է արմատավորվեին Հայաստանի տարբեր անկյուններում։ Այսօր Կարենը շարունակում է մոր սկսած գործը՝ քայլելով նույն ծառաշարերի միջով և առաջնորդվելով նույն լուռ, բայց անսասան համոզմունքով։ Նրանց պատմությունը հիշեցնում է, որ ծառ տնկելը նաև հույս տնկել է նշանակում, ինչպես նաև ընտանիքների կապը սեփական հողի հետ պահպանել։ Ձեր աջակցության շնորհիվ ATP-ն կարող է շարունակել ստեղծել նման հնարավորություններ՝ վերականգնելով անտառները, ապահովելով մարդկանց ապրուստի միջոցները և օգնելով ընտանիքներին ամուր արմատներ գցել ու մնալ Հայաստանում։

Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։

Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։